Շուրջ մեկ ամիս իր մեկնարկը ստացած Սուրբ Խաչ ամառային բակային ճամբարում սույն թվականի օգոստոսին 20-ին տոնական մթնոլորտ էր: Ճամբարականներն իրենց ջոկատավարների համառ ու նվիրյալ ջանքերով ծնողներին ու հյուրերին ներկայացան ավարտական հանդեսով: Ազգագրական պարերը համեմվեցին հոգևոր ու հայրենասիրական շարականներով ու երգերով, Ավետարանական առակների բեմականացումները զուգորդվեցին հայոց մեծերի գրական ստեղծագործությունների ասմունք կատարումներով: Շուրջ մեկամսյա հագեցած առօրյայի արտացոլումը կրող միջոցառմանը հաղորդ եղան նաև Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակով անցնող քաղաքի բնակիչներն ու հյուրերը:
Օրհնությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի սույն հանդիսությանն իրենց ներկայությունն ու օրհնությունն էին բերել Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվներ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը և Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը, առաջնորդական փոխանորդության ողջ անձնակազմը:
Ավարտին, ճամբարի լավագույն և պարտաճանաչ սաներն իրենց ջոկատավարների կողմից գովասանքի արժանացան՝ստանալով պատվոգրեր: Սույն միջոցառմամբ ազդարարվեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու ամառային բակային 2017 թվականի ճամբարի ավարտը՝ գալիք տարվա նոր ծրագրերով ու սպասումներով: Այս ամենից հետո բոլորին սպասում էր ամենահուզիչ պահը. Երևան վերադարձող խմբավարներին պետք է հրաժեշտ տային ճամբարականները, ովքեր ուրախության և հուզումի ջերմ արտասուքներով անդադար գրկախառնվում էին իրենց սիրելի հարգելիներին՝ չուզենալով համակերպվել բաժանմանը:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան