Վրաստանին տրամադրվող ռազմական հզորությունները կհանգեցնեն նոր արկածախնդրության` ասված է ՌԴ ԱԳ նախարարության հայտարարության մեջ: «Ռուսական կողմը կրկին նկատում է վտանգ ՆԱՏՕ-ի անդամ երկրների և Վրաստանի միջև ռազմական համագործակցության մեջ: Վերջերս Պետդեպարտամենտը հաստատել է Վրաստանին տրամադրվող «Ջավելին» հակատանկային հրթիռային համակարգի մասին որոշումը: Սա Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև նման մասշտաբի ռազմական համագործակցության առաջին դեպքն է` 2008թ-ից այս կողմ»- ասված է հայտարարության մեջ: Ռուսաստանի ԱԳՆ-ի այս հայտարարությունը տարակուսելի է առնվազն մի քանի հարթության վրա: 2008թ-ի պատերազմի հետևանքով Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանի մի մասը` դառնալով տարածաշրջանային միլիտարիզացիայի հիմնական աղբյուր ու առնվազն ոչ ադեկվատ է, որ Մոսկվան հիմա խոսում է ամերիկյան արկածախնդրության մասին, երբ Վաշինգտոնը Վրաստանին սպառազինում է միանգամայն լեգալ հարթության վրա` ամրապնդելով վերջինիս անվտանգությունն ու ինքնիշխանությունը: Սակայն ավելի ուշագրավ է այն հանգամանքը, որ վրաց-ամերիկյան համագործակցությանը տրված ռուսական խիստ որակումներն, ըստ էության, ինքնագնահատական են, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ռուսաստանն, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ է, խաղաղության սպոնսոր լինելու փոխարեն` սպառազինում է ղարաբաղյան հակամարտության կողմերին` նպաստելով միլիտարիզացիայի մակարդակի աննախադեպ բարձրացմանն և, ըստ էության, ծնելով հայ-ադրբեջանական նոր պատերազմի ռիսկեր:
Մոսկվայում շատ լավ են գիտակցում իրենց երկակի ստանդարտների անհեթեթությունն ու ցինիզմը, մյուս կողմից` Ռուսաստանի ԱԳՆ-ի ագրեսիվ և, ըստ էության, ոչ դիվանագիտական ձևակերպումները խուճապային տրամադրությունների հետևանք են: Վաշինգտոնը Վրաստանին հակատանկային հրթիռային համակարգ տրամադրելով` որոշակիորեն ստանձնում է Հարավային Կովկասի անվտանգության նաև քաղաքական երաշխավորի դերը, զուգահեռաբար հասկացնելով նաև, որ մեր տարածաշրջանում հեռանկարային շահեր ունի, ինչը նվազագույնը հանգեցնելու է ռուսական տոտալ ազդեցության սահմանափակմանը:
Մյուս կողմից` մեր տարածաշրջանի համատեքստում զարգացման ծրագրեր է իրականացնում նաև Եվրամիությունը, ինչի դրսևորումն է թեկուզև Հայաստանի հետ օրերս ստորագրված Շրջանակային համաձայնագիրը: Այսօրվա Ռուսաստանը կրեատիվությունից զուրկ, հետամնաց քաղաքական և տնտեսական համակարգեր ունեցող երկիր է և, ըստ էության, որևէ ռացիոնալ գաղափար չի կարող առաջարկել տարածաշրջանի երկրներին` հատկապես ԱՄՆ-ի և Եվրամիության հետ մրցակցության ֆոնին: Իսկ Հարավային Կովկասի նկատմամբ տոտալ վերահսկողության կորուստն, ըստ էության, վերջակետ է դնելու ռուսական կայսերականությանը: Ահա, թե որն է Մոսկվայի անհանգստության և խուճապի հիմնական մոտիվը:
Սարգիս Արծրունի
1in.am