Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հանդիպել է Սլովենիայի հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կառլ Էրիավեցի հետ:
Ինչպես հանդիպման ավարտից հետո մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Էրիավեցը, ասոցացման օրակարգի լրիվ և արդյունավետ իրականացման տեսանկյունից Վրաստանը առաջատար է «արևելյան համագործակցության» ձևաչափում, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը:
«Եվրամիությունը Վրաստանին դիտարկում է որպես բոլորից լավ պատրաստված երկիր, որը կարող է անդամագրվել կառույցին»,- ասել է Սլովենիայի փոխվարչապետը:
Կառլ Էրիավեցը ընդգծել է նաև Վրաստանի դերը Եվրոատլանտյան անվտանգության հաստատման գործում և մեկ անգամ ևս հաստատել է Սլովենիայի հավատարմությունը Վրաստանի՝ Եվրոպական և Եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման ցանկության նկատմամբ:
Հանդիպմանը Սլովենիայի փոխվարչապետը, Սլովենիա-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ Միխեիլ Ջանելիձեին հրավիրել է Լյուբլյանա: Էրիավեցը նշել է, որ այդ այցի շրջանակներում կազմակերպելու է հատուկ բիզնես համաժողով, որը աջակցելու է երկու երկրների տնտեսական կապերի զարգացմանը:
Սլովենիայի հանրապետության փոխվարչապետը ցավակցություն է հայտնել նաև Բաթումիում տեղի ունեցած հրդեհի արդյունքում զոհվածների ընտանիքներին: