Մարտի 19-21-ը Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը այցելեց Սամցխե-Ջավախքի տարածաշրջան։ Չնայած, որ բավականին շատ էին դեսպանի այցելության մասին պատմող տարբեր լրատվամիջոցների հրապարակումները, այնուամենայնիվ որոշեցինք կրկին հրապարակել այցելության արդյունքները փորձելով ճիշտ ու օբյեկտիվ վերլուծել նորանշանակ դեսպանի իրականացրած այցը Սամցխե-Ջավախքի տարածաշրջան։
Այցելության առաջին օրը Հայաստանի դեսպանը եղավ Ախալցխայում, երկրորդ օրը՝ Ախալքալաքում և այցելության երրորդ օրը՝ Նինոծմինդայում։ Ինչպես նշեցինք՝ դեսպան Ռուբեն Սադոյանի այցելությունը մեկնարկեց Սամցխե-Ջավախքի վարչական ու մշակութային կենտրոն Ախալցխայից։ Ախալցխա այցելության ընթացքում դեսպան Սադոյանը հանդիպում ունեցավ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաճուտաձեի եւ Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեի հետ։ Հանդիպմանը ներկա էր Ախալցխայից ընտրված Վրաստանի խորհրդարանի մաժորիտար պատգամավոր Գիորգի Կոպաձեն եւ Ախալքալքից ընտրված պատգամավոր Սամվել Մանուկյանը, ինչպես նաեւ պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն եւ Ախալցխայի սակրեբուլոյի անդամները։ Ինչպես հաղորդում է Վրաստանում Հայաստանի դեսպանատունը, հանդիպմանը քննարկվեցին Սամցխե-Ջավախքի տնտեսական, սոցիալական և մշակութային բնագավառներին առնչվող մի շարք հարցեր:
Դեսպան Սադոյանը տվյալ հանդիպումների ընթացքում տեղական իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել է նաեւ բնակչության զբաղվածության հարցը։ Դեսպանը ընդգծել է Սամցխե-Ջավախքում նոր աշխատատեղերի ստեղծման կարևորության մասին։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանի սոցիալ-տնտեսական ծրագրերի, ենթակառուցվածքների արդիականացման եւ այլ հարցերի շուրջ:
Պաշտոնական հանդիպումներից հետո դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Ախալցխայի հայ հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա գտնվող մարդիկ դեսպանի առջեւ բարձրացրեցին մի շարք կարեւոր հարցեր, որոնք վերաբերվում էին տարբեր բնագավառների։ Կարեւոր հարցերի շարքում էին տարածաշրջանային համագործակցության, զբոսաշրջության, տրանսպորտի, օրենքի, մշակույթի եւ այլ բնագավառներին վերաբերվող հարցեր։ Հայաստանի դեսպանը խոստացավ, որ կանի հնարավորը ակտիվացնելու համար կապը Սամցխե-Ջավախքի եւ Հայաստանի Շիրակի ու Լոռու մարզերի միջեւ։ Նա նաեւ խոստացավ, որ ցանկացած կարեւոր գործնական հարցով 24 ժամյա ռեժիմով պատրաստ է լսել յուրաքանչյուր մարդու ու նպաստել բոլոր խնդիրների լուծմանը։
Դեսպանի հետ հանդիպման ընթացքում Ախալցխայի հասարակությունը հնչեցրեց մի շարք հարցեր, որոնք վերաբերվում էին Հայաստանի ներքին քաղաքականությանը։ Մասնավորապես մարդիկ դեսպանին հայտնեցին իրենց մտահոգությունը այն փաստի կապակցությամբ, որ Հայաստանում այսօր բանտարկված են Արցախյան ազատամարտի բազմաթիվ հերոսներ։ Բանտարկված հերոսների շարքում հատուկ նշվեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի անունը, ում մի քանի օր առաջ ՀՀ իշխանությունները դատապարտեցին 10 տարի 5 ամսվա ազատազրկմամբ։
Կարիք չկա անդրադառնալ դեսպան Ռուբեն Սադոյանի տվյալ հարցի վերաբերյալ տեսակետին ու դահլիճում հնչեցրած պատասխանին, քանզի նրա աշխատասիրությունը Հայ-Վրացական հարաբերությունների ակտիվացման գործում անչափ ողջունելի է, ու այդ ճանապարհին ճիշտ չի լինի խանգարել նրան։ Բավարարվենք ասելով այն, որ դեսպանը բավական դրական էր տրամադրված տվյալ հանդիպմանը ու մեծ համբերությամբ էր պատասխանում ախալցխացիների կողմից բարձրացված ցանկացած հարցի։ Առաջին հայացքից բարդ լարված թվացող հարցերին դեսպանը պատասխանում էր կիսակատակ պատասխաններով, որոնք ոչ միայն չէին առաջացնում լարվածություն, այլ նպաստում էին դրական մթնոլորտի ձեւավորմանը, ինչը եւ ընդունելի դարձավ ժողովրդի կողմից։
Ահա այդպիսի դրական մթնոլորտում ժողովուրդը հնարավորություն ունեցավ բարձրացնելու մի շարք հարցեր, որոնց հետ համաձայն չէ Ախալցխայի հասարակությունը։ Այդպիսի հարցերի շարքում էին նաեւ Հայաստանի հեռուստաընկերությունների կողմից ցուցադրվող անճաշակ սերիալների ու ռաբիզ երգերի ցուցադրման խնդիրը, որը ոչ միայն արժեզրկում է հայկական մշակույթը, այլ նաեւ սխալ արժեքների վրա դաստիրակում երիտասարդ սերնդին։ Հարց տվողները հիանալի գիտակցում էին, որ նման հարցերի հետ իրականում կապ չունի դեսպանը եւ դրանց լուծման պատասխանը դժվար թե նա ունենա։ Սակայն ժողովուրդը ծարավ էր նմանատիպ հանդիպման, որտեղ կարող էր հնչեցնել հայրենիքում կատարվող ցանկացած դեպքերի հանդեպ իրենց վերաբերմունքը ու հայտնել իրենց մտահոգությունները։
Նման բարդ ու մտահոգիչ հարցերից բացի դեսպանը ժողովրդից լսեց նաեւ բազմաթիվ գործնական առաջարկներ, որոնք խոստացավ ուսումնասիրել ու հնարավորության դեպքում նպաստել դրանց իրականություն դառնալուն։
Դեսպանի այցելությունը Ախալցխա նաեւ աննախադեպ էր նրանով, որ նա առաջինը Հայաստանի բոլոր դեսպաններից այցելեց Մարտա թաղամասում գտնվող հայկական Սբ․ Նշան եկեղեցի, որը վրացական եկեղեցին համարում է «վիճելի»։ Տվյալ եկեղեցին ախալցխացիների համար հատուկ նշանակություն ունի եւ ժողովուրդը մշտապես մեծ ոգեւորությամբ է լցվում, երբ տարբեր հայազգի բարձրաստիճան հյուրեր այցելում են Սբ․Նշան եկեղեցի։ Նույն օրը դեսպանը այցելեց հայկական Ծուղրութ գյուղ տեսնելու համար Ծուղրութի հայտնի ձեռագիր ավետարանը։
Դեսպանատան պատվիրակությունը Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ Ախալցխայում եղավ գործող Սբ․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում եւ Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնում։
Մարտի 20-ին, ինչպես եւ ծրագրված էր Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը այցելեց Ախալքալաք։ Ախալքալաքում Հայաստանի դեսպանը հանդիպում ունեցավ քաղաքապետի և սակրեբուլոյի անդամների հետ։ Այնտեղի հանդիպմանը մասնակցում էին նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը, Սամվել Մանուկյանը և Դավիթ Ճիճինաձեն։ Հանդիպման ընթացքում մասնակիցները դեսպան Ռուբեն Սադոյանին ներկայացրեցին շրջանում իրականացված եւ իրականացվելիք ծրագրերը։ Քննարկեցին շրջանի առջև ծառացած մի շարք խնդիրներ։
Հանդիպման ընթացքում Ռուբեն Սադոյանը հայտարարեց, որ հետևողական քայլեր կիրականացնի, որպեսզի բարձրացված հարցերը իրենց լուծումը ստանան և վստահեցրեց, որ մշտապես կանգնած կլինի ջավախահայության կողքին։
Տվյալ հանդիպումից հետո նա հանդիպեց Ախալքալաքի հայ հասարակության հետ, որի ընթացքում պատասխանեց ներկաներին հուզող հարցերին։ Հարցերը վերաբերում էին շրջանների ապակենտրոնացված համագործակցությանը, մշակույթին, սպորտին, կրթությանը, զբոսաշրջությանը և այլն։ Անդրադարձ եղավ նաեւ Արցախյան խնդրին, հատկապես Ալիևի արած վերջին աղմկահարույց հայտարարությանը։
Նա Ախալքալաքում այցելեց Սբ․ Խաչ եկեղեցի, եղավ Ջավախքի տեղեկատվական կենտրոնում եւ Ախալքալաքի Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնում։
Այնուհետև, տեղի ունեցավ Ռուբեն Սադոյանի այցը Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղ, որտեղ նա եղավ նորակառույց դպրոցում, ծանոթացավ գյուղում առկա իրավիճակին։
Մարտի 21-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի Սամցխե-Ջավախք իր կատարած այցի երրորդ օրը այցելեց Նինոծմինդա։ Նինոծմինդայում, ինչպես նաեւ նախորդ երկու քաղաքներում, նա հանդիպեց շրջանային ղեկավարության հետ, որից հետո հայ հասարակության հետ։ Նինոծմինդայում նույնպես համայնքի հետ հանդիպումը անցավ հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում հնչեցին ժողովրդին հետաքրքրող բազմաթիվ հարցեր։
Վրաստանում ՀՀ դեսպանն անդրադարձավ ջավախահայության շրջանում վրացերեն լեզվի ուսուցման մակարդակի բարձրացման կարեւորությանը։ Հանդիպման ընթացքում նա կոչ արեց ժողովրդին ուշադրություն հատկացնել վրացերեն լեզվի ուսուցմանը։
Ժողովրդի հարցերին պատասխանելիս Վրաստանում ՀՀ դեսպանը անդրադարձավ հայ-վրացական հարաբերություններին։ Նա նշեց, որ հայ-վրացական հարաբերությունները աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում, ինչում մեծ դեր են խաղում նաև Հայաստանի և Վրաստանի բարձր մակարդակով փոխայցելությունները։ Այդ համատեքստում դեսպանը խորին շնորհակալություն հայտնեց Վրաստանի իշխանություններին։ Նա նշեց, որ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի հայ ազգաբնակչության համար ստեղծում են բարվոք պայմաններ և նրանց խնդիրները պահվում են մշտական ուշադրության կենտրոնում։
Դեսպան Ռուբեն Սադոյանը տվյալ հանդիպումից հետո Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի ուղեկցությամբ այցելեց Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցի և «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային երիտասարդական կենտրոն։ Դեսպան Սադոյանը եղավ նաեւ «Հայոս-Քարթլոս» հուշարձանի մոտ եւ ծաղիկներ տեղադրեց հայ և վրացի ժողովուրդների եղբայրությունը խորհրդանշող արձանի մետ։
Սամցխե-Ջավախք այցելության ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի ավարտը տրվեց Վահան Տերյանի ծննդավայր՝ Գանձա գյուղում։
Ինչպես տեսնում ենք Վրաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանի այցելության ծրագիրը Սամցխե-Ջավախքի տարածաշրջան բավականին հագեցած էր։ Վրաստանի ու Հայաստանի նորագույն պատմության մեջ սա առաջին դեպքն էր, երբ Հայաստանի դեսպանը Ջավախք է այցելում եռօրյա աշխատանքային ռեժիմով եւ չի խուսափում այցելել օրինակ Սբ․ Նշան եկեղեցի կամ մի շարք տարբեր կազմակերպություններ ու հայկական գյուղեր։ Նաեւ ողջունելի է այն փաստը, որ նա Ժողովրդի հետ խոսում է ազատ ու հավասար պայմաններում եւ չէր խուսափում սուր հարցերից։ Այս ամենը իհարկե չի կարող չուրախացնել ու չոգեւորել հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի իշխանությունները հաճախ խուսափում են այցելել հայաբնակ Ջավախք ու առավել եւս երկար մնալ շրջանում։ Դրանից կարելի է փաստել այն, որ չնայած այցելության ընթացքում չեն քննարկվել Սամցխե-Ջավախքի հայ հասարակությանը մտահոգող մի շարք կարեւորագույն հարցեր եւ շատ խնդիրների հանդեպ Հայաստանի իշխանությունների անտարբերությունը մնացել է նույնը, այնուամենայնիվ մարդ անհատը սեփական աշխատասիրության, ինքնասիրության ու նախաձեռնողականության շնորհիվ իր շուրջ կարող է փոխել մթնոլորտ, անգամ եթե այն թույնված է ավելի մեծ ու հիմքային խնդիրների պատճառով, որոնք օրինակ այսօր առկա են Հայաստանի Հանրապետությունում։ Դրա համար անհրաժեշտ է բամբասելու փոխարեն շատ հարցերում գործնական խորհուրդներով ուղղորդել դեսպանին, փորձելով չկոտրել նրա մեջ այն ոգեւորությունը, որը նա ցուցաբերում է իր աշխատանքը իրականացնելիս։ Քննադատությունները շատ կարեւոր են նույնիսկ կարելի է ասել անհրաժեշտ, սակայն դրանք պետք է նպաստեն եւ երբեք չվնասեն Սամցխե-Ջավախքի հայության խնդիրների լուծմանը։
Նկատենք մի հետաքրքիր ու կարեւոր զուգադիպություն կապված դեսպան Սադոյանի այցելության հետ։ Դեսպանի Թբիլիսի վերադառնալուց ընդամենը երկու օր անց՝ մարտի 23-ին Սամցխե-Ջավախք այցելեց Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆատմա Ջերե Իազգան։ Նրան եւս ընդունեց Սամցխե-Ջավախքի նահանգապետ ՝ Ակակի Մաճուտաձեն եւ քաղաքապետ Զազա Մելիքիձեն։ Եւ ինչն է ամենից կարեւորը, որ Թուրքիայի դեսպան Ֆատմա Ջերե Իազգան նահանգապետ Ակակի Մաճուտաձեի հետ մի շարք հարցերից բացի, քննարկեց հենց տարածաշրջանների միջեւ համագործակցության խորացման կարեւորության հարցը, այսինքն Սամցխե-Ջավախքի եւ Արդահանի մարզերի միջեւ, որը արդեն իսկ գոյություն ունի եւ երկու հարեւան երկրների մարզպետները հաճախ են կազմակերպում փոխադարձ այցելություններ։ Մնում է, որ Հայաստանի դեսպանը եւս հավատարիմ մնա իր խոստումին ու փորձի ակտիվացնել Սամցխե-Ջավախքի, Շիրակի ու Լոռու մարզերի միջեւ փոխադարձ համագործակցությունը, որը խթան կհանդիսանա նոր կարգի համագործակցության։