Ճապոնիայի կառավարությունը, չնայած Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Տոկիոյի և Մոսկվայի հարաբերություններում ստեղծված բարդ իրադրությանը, պահպանում է իր որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված տարածքային խնդրի լուծմանն ու խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ֆումիո Կիսիդան՝ ելույթ ունենալով խորհրդարանի ստորին պալատի լիագումար նիստում։
20-րդ դարի կեսերից Մոսկվան և Տոկիոն բանակցություններ են վարում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խաղաղության համաձայնագրի մշակման շուրջ: Դրա հիմնական խոչընդոտը Կուրիլների հարավային մասի նկատմամբ իրավունքների շուրջ տարաձայնություններն են։ Պատերազմի ավարտից հետո ամբողջ արշիպելագը ներառվեց Խորհրդային Միության կազմում, սակայն Ճապոնիան վիճարկում է մի խումբ փոքր անմարդաբնակ կղզիների սեփականությունը։ Միաժամանակ ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս ընդգծել է, որ Մոսկվայի ինքնիշխանությունն այս տարածքների նկատմամբ, ունենալով համապատասխան միջազգային իրավական բազա, կասկածից վեր է։
Ռուսաստանը գնահատել է Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորությունները։ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան այն կարծիքն է հայտնել, որ այսօրվա պայմաններում Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը դժվար է իրականացնել, քանի որ Ճապոնիան միացել է ԱՄՆ-ի կողմից խրախուսվող հակառուսական պատժամիջոցներին: