«Հայկական Գաթայի» փառատոն Ախալքալաքում

Արդեն 6-րդ անգամ «Հայկական Գաթա» փառատոնն այցելեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի։ Մի քանի տարի առաջ ձեռնարկված գեղեցիկ նախաձեռնությունը վերածվեց սպասված ավանդույթի: Այս տարի ևս տանտիկինները որոշել էին բոլորին զարմացնել տարատեսակ գաթաների գեղեցկությամբ ու հմայքով։ Նախ, հանդիսապետությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի ու մասնակցությամբ Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվներ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանի, Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի ու Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի կատարվեց հանդիսավոր ժամերգություն։ Ապա արարողակարգը շարունակվեց Միջինքի և ավանդաբար Ջավախքում անցկացվող «Հայկական Գաթա» փառատոնի մասին կարճ ակնարկով, որից անմիջապես հետո երաժշտական համարով հանդես եկավ ուխտագնացությամբ Ջավախք եկած Արմա Գալոյանը։ Արդեն երկրորդ տարին է փառատոնին իր ելույթով փայլում է Արարատյան Հայրապետական Թեմի «Ծաղկազարդ» համախումբը, որը Ջավախքում էր ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ ու Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հեգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի օրհնությամբ: Համերգային մասի ավարտից հետո հոգևոր դասի կողմից կատարվեց գաթաների օրհնության կարգ:

Փառատոնին մասնակից տիկնայք ու աղջիկներ շնորհակալագրերից բացի ՋԱՀ-ի կողմից ստացան նաև գոգնոցներ՝ Հայկական գաթա տարբերանշանով։ Շնորհակալագրերը բաժանելուն Հոգեշնորհ Հայր Սուրբին օգնում էին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցի սաները։ Միջոցառման ավարտին օրհնության և գնահատանքի խոսքով հանդես եկավ Հոգեշնորհ Տեր Բաբգէնը: Նա հյուրերին, աջակիցներին ու ներկաներին շնորհավորեց հերթական փառատոնն անցկացնելու կապակցությամբ, իր օրհնությունն ու գնահատանքը բերեց Սփյուռքի նախարարության աշխատակազմին՝ ի դեմս նախարար Հրանուշ Հակոբյանի, ՋԱՀ-ի աշխատակազմին՝ ի դեմս գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանի, և Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու 2017 թ․ խաչի քավոր Աղասի Կարաբեկյանին, փառատոնին աջակցելու և Սուրբ Խաչ եկեղեցուն նեցուկ լինելու համար։ Լավագույն գաթաներից մեկն ուղարկվեց ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանին՝ ի նշան ջավախքցիների երախտագիտության փառատոնին աջակցելու համար:
Տարեցտարի փառատոնի մասնակիցների թիվը ավելանում է: Այս տարի փառատոնին ներկայացված էր հինգ տասնյակից ավելի գաթա:

Փաառատոնին ներկա էին Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Կումորդոյի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաճուաշվիլին, ՀՀ Սփյուռքի նախարարության ներկայացուցիչները, ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, պաշտոնյա այրեր, մշակույթի գործիչներ, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության «Զարթոնք», ինչպես նաև «Վաչիան» պարային համույթները՝ գեղարվեստական ղեկավար ու պարուսույց Նասլետ Քեյան, ուխտավորներ Երևանից, Գյումրիից, և Վրաստանի տարբեր շրջաններից։Գաթայի փառատոններ են տեղի ունեցել նաև Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս և Խանդոյի Սուրբ Խաչ եկեղեցիներում։


Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվան