Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու արարողակարգի՝ տարվա ընթացքում որոշ տոների և սրբերի հիշատակությունների օրերին կատարվում են ջրի, ձեթի, կարագի և խաղողի օրհնության կարգեր: Նշյալ կարգերից ձեթի օրհնության կարգն ամեն տարի տեղի է ունենում Սեբաստիայի Ս. քառասուն մանուկների հիշատակության օրը, որ Հայ եկեղեցին տոնախմբում է Մեծ պահքի հինգերորդ՝ Դատավորի կիրակիին նախորդող շաբաթ օրը: Այս տարի սրբերի հիշատակության օրը մարտի 25-ին էր:
Սուրբ քառասուն մանուկների հիշատակության օրը մեծ թվով հավատավոր հայորդիների էր համախմբել Ախալցխայի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սուրբ կամարների ներքո: Ախալցխայի և հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժ․ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը ըստ հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը։ Երեկոյան ժամերգության ավարտին Արժ․ Տեր Հայրը կատարեց ձեթի օրհնության կարգ և այն բաժանվեց հավատացյալներին։