Սույն թվականի ապրիլի 7-ին՝ Սուրբ Աստվածամոր ավետման տոնին, Ախալքալաքի «Սուրբ Խաչ» եկեղեցում` հանդիսապետությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, ձեռամբ Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի մատուցվեց տոնական Սուրբ և Անմահ Պատարագ: Հավարտ Սուրբ Պատարագի Արժանապատիվ Տեր Հայրը շնորհավորեց եկեղեցում հավաքված մայրերին ու քույրերին՝ մաղթելով, որ Սուրբ Կույսի երկնային սիրառատ բարեխոսությամբ մեր Տեր Հիսուս Քրիստոս իր անսպառ օրհնությամբ բարի ավետիս բերի մեր շատ սիրելի մայրերին ու քույրերին, իրենց զավակներին ու ընտանիքներին։
Օրը նշանավորվեց նաև նրանով, որ Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանն ու եկեղեցու Խաչի քավոր Աղասի Կարաբեկյանն իր ընտանիքով այցելեցին քաղաքի ծննդատուն։
Տեր Հայրը ծննդկան մայրերին շնորհավորեց՝ նորածիններին նվիրելով Հոգեշնորհ Հայր Բաբգէնի կողմից ուղարկված հատուկ օրհնության խաչեր և մանկական Աստվածաշունչ, իսկ Տիկին Նաիրա Կարաբեկյանը փոխանցեց մանկական խնամքի հատուկ պարագաներ։ Արժանապատիվ Տեր Տաթևը շնորհավորեց նաև ծննդատան բուժանձնակազմին՝ մաղթելով, որ Տիրոջ օրհնությամբ և իրենց բարի ծառայությամբ այդ ծննդատանը մշտապես մայրության տոն լինի։
http://akhaltskha.net/2017/04/08/ավետման-տոնին-ախալքալաքում-նորածինն/