Մարտի 2-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին մեկ օրյա պաշտոնական այցով այցելեց Երեւան։ Վարչապետի այցելությունը համընկավ Հայաստանի խորհրդարանի կողմից առաջին անգամ իրականացվող նախագահի ընտրության հետ։ Շատերը դա ոչ պատահական համարեցին, իսկ մնացածներն էլ դրանում տեսան ուղղակի զուգադիպություն։ Սակայն պետք է փաստել, որ խորհրդարանական կառավարմանը անցնող երկրի համար նախագահի ընտրությունը խորհրդարանի կողմից կարեւոր քայլ է եւ այդ առումով Վրաստանի Վարչապետի այցելությունը Հայաստան, հասարակ զուգադիպությունից բացի կարծես մի խորհրդանշական իմաստ եւս ուներ, քանզի Վրաստանը վաղուց է անցել խորհրդարանական կառավարման։
Կվիրիկաշվիլու Երեւան կատարած մեկ օրյա պաշտոնական այցի արդյունքներից կարելի է եզրակացնել, որ կողմերը հիմնականում խոսել ու պայմանավորվել են առևտրատնտեսական կապերի զարգացուման եւ երթուղիների դիվերսիֆիկացուման հարցերի շուրջ։
Հանդիպումների ընթացքում նաեւ քննարկվել են այնպիսի կարեւոր ուղղություններ, ինչպիսիք են՝ էներգետիկան, տրանսպորտը, զբոսաշրջությունը, մշակութային հարաբերությունները, արվեստը եւ կրթությունը։ Դրանից բացի քննարկվել են աշակերտների ու ուսանողների փոխանակման ծրագրերի աջակցման հարցը, ինչը անշուշտ շատ կարեւոր է երկու երկրների երիտասարդների միջեւ կապերի զարգացման տեսանկյունից:
Քննարկումների ժամանակ հայկական կողմը նշել է Մեղրու ազատ տնտեսական գոտուց Վրաստանի հնարավոր օգտվելու շահեկանության մասին։ Այդ ուղղությամբ կողմերը նաեւ պայմանավորվել են մշակել նախագիծ եւ առաջ շարժվել էներգետիկայի և տրանսպորտի համատեղ զարգացման ոլորտներում։
Հայկական կողմը իր վրաց գործընկերոջ հետ քննարկել է եւ իր վերաբերմունքն է ներկայացրել պատմամշակութային ժառանգության պահպանման և վերականգնման հարցերի վերաբերյալ:
Հանդիպումների ընթացքում ինչպես տեսնում ենք քննարկվել է հարցրի լայն շրջանակ, որոնք թույլ են տալիս եզրակացնել, որ երկու երկրների փոխհարաբերությունները կամաց-կամաց դուրս են գալիս կենացաճառերի մակարդակից եւ ստանում են գործնական բնույթ։
Վրաստանում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը անշուշտ ամենակարեւոր ու խնդրահարույց հարցերից մեկն է հայ-վրացական հարաբերություններում, որը մշտապես ունի բաց ու անկեղծ քննարկման կարիք։ Սակայն այս ամենի հետ մեկտեղ պետք նշենք, որ տվյալ հանդիպմանը չեն քննարկվել ու նույնիսկ անտեսվել են մի շարք կարեւոր հարցեր, որոնք վերաբերվում են ջավախքահայության հուզող խնդիրներին։ Նման հրաշալի տեմպերով զարգացող հարաբերություններում չպետք է չմնան փակ ու խնդրահարույց թեմաներ, որոնք հետագայում կարող են խոչընդոտել հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը։ Այդպիսի հանդիպումներում պետք է բոլոր առկա խնդիրները բաց քննարկվեն եւ մշակվեն դրանց լուծման ծրագրեր։ Տվյալ խնդիրների շարքին կարելի է դասել նաեւ թուրքական կապիտալի ու մարդկային ներուժի ակտիվացման հարցը Ջավախքում, որին կարելի է հակակշռել միայն շրջանում հայ-վրացական սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացնելու միջոցով։