Վերջերս Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին շնորվեց արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչում։ Akhaltskha.net- ը ներկայացնում է հարցազրույց Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ։
Վրաստանում ՀՀ դեսպանի դերի եւ առաքելության մասին։
Դեսպան— Իրապես ինձ համար մեծ պատիվ է և պատասխանատվություն լինել ՀՀ դեսպան եղբայրական Վրաստանում։ Վրաստանը ՀՀ-ի համար ունի առանձնահատուկ դեր և նշանակություն ու ես կարծում եմ, ըստ այդմ, Հայաստան- Վրաստան հարաբերությունները պետք է լինեն առանձնահատուկ՝ խորը զարգացած և դինամիկ քաղաքական երկխոսությամբ լի։ 2022 թվականին նշեցինք Հայաստան֊Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյա հոբելյանը, բայց թերևս եթե խոսենք հայ֊վրացական հարաբերությունների մասին, երկու ժողովուրդների պատմական և մշակութային խորը սերտաճած կապերի մասին, ապա պետք է ետ նայենք դեպի հազարամյակներ, որովհետև այդ կապերը շատ խորն են և հարուստ և որ ամենակարևորն է պատմությամբ ստուգված ամուր կապեր են։ Եվ այս պարարտ հողը, որ երկու ժողովուրդները ստեղծել ենպատմական առումով պետք է, որ ավելի խրախուսի և ավելի մեծ հնարավորություններ ընձեռի Հայաստան֊ Վրաստան միջպետական հարաբերությունների հետագա զարգացման համար։ Ինչպես գիտեք այս տարվա ընթացքում մի քանի անգամ և՛ Երևանում, և՛ Թբիլիսիում նշվել են Հայաստան ֊ Վրաստան միջպետական հարաբերությունների հիմնադրման երեսնամյա հոբելյանը, եղել են մի շարք միջոցառումններ և վերջին միջոցառումը տեղի ունեցավ Թբիլիսիում ՀՀ ազգային ժողովի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում և միջոցառմանը ներկա էին երկու երկրների խորհրդարանների նախագահները, Վրաստանի քաղաքական մի շարք ներկայացուցիչներ, հասարակական, գիտական, կրթական շրջանակների ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։ Սեպտեմբերի հինգից արդեն Թբիլիսիում եմ ու կարծում եմ ես ստացել եմ իմ նախորդ գործընկերններից պատշաճ ժառանգություն և պարտավոր եմ իմ աշխատանքի ընթացքում, բացի առաջնային պարտավորությունից լինել դեսպան և կատարել դեսպանի անմիջական աշխատանքները և պարտականությունները նաև գտնվելով Վրաստանում որպես հայ, մի երկրում որտեղ հայ ժողովուրդը արդեն ունի իր շունչը, կան նաև այլ կապեր։ Այնուամենայնիվ իմ պարտականությունների հիմնական շեշտը կլինի ՀՀ-ի ճիշտ ներկայացումը Վրաստանում, և հասնել նրան, որ մենք ունենանք շատ Հայաստան Վրաստանում և միանշանակ ավելի շատ Վրաստան Հայաստանում։
Ի պաշտոնե քաղաքավարական այցերի մասին։
Դեսպան— Ընդհանրապես դիվանագիտական առաքելության մեջ, երբ որևէ դեսպան հավատարմագրվում է հյուրընկալ երկրում, նա պարտավոր է իր գործունեությունը ծավալել ոչ միայն մայրաքաղաքում այլ նաև մայրաքաղաքից դուրս՝ մարզերում, ովովհետև ապակենտրոնացված համագործակցությունը ինքնին կարևոր դեր ունի դիվանագիտական առաքելության մեջ։ Այս առումով նորից Վրաստանը առանձնահատուկ է, որովհետև Վրաստանում մենք ունենք մարզեր կամ շրջաններ, որոնք հայաբնակ են։ Իմ առաջին ճանաչողական կամ, ինչպես ընդունված է դիվանագիտության մեջ ասել, քաղաքավարական այցը եղել է Քվեմո Քարթլիի մարզը, այնտեղ նույնպես ընդունվել եմ մարզի ղեկավարի կողմից։ Եղել եմ Շահումյանում, Աղքյոռփիում, Խոժոռնիում, նաև հենց Մառնեուլի շրջանի մի քանի գյուղերում դպրոցներ եմ այցելել և ինձ համար իրապես շատ հետաքրքրական էր, որովհետև պետք է անկեղծ լինեմմինչ դեսպան նշանակվելը ես չեմ եղել այդ վայրերում միայն կարդալով եմ տեղյակ եղել, լսել մեր սիրելի հայրենակիցների պատմության մասին և նրանց նաև կապերի մասին և ինչու չէ՝ նրանց ստեղծածի, արարածի ու թողած հետքի մասին։
Առավել հետաքրքրական էր Սամցխե-Ջավախք կատարած իմ այցը, որովհետև ես գտնվեցի Վրաստանի ամենահայաշատ մարզում։ Լինելով Ջավախքում տպավորված եմ և հիացած։ Հիացած՝ մեր հայրենակիցների ստեղծածով, հիացած՝ մեր հայրենակիցների հայկական շնչով, որ նրանք կրում եմ և այդ է ինքնությունը։ Կցանկանամ նաև օգտագործելով այս առիթը իմ խորին շնորհակալությունը հայտնել Վրաստանի իշխանություններին, որովհետև ներքուստ և ինձ շատ բավարարված եմ զգում, երբ մեր սիրելի հայրենակիցները անընդմեջ իրենց խոսքում նշում են Վրաստանի իշխանությունների ուշադրությունը նրանց նկատմամբ և դա ես անգամ իմ աչքով տեսա այն տարածքային կառավարման օղակներում նոր կառուցված ճանապարհները, վերանորոգված դպրոցները, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր հայրենակիցների համար այստեղ կան բոլոր հնարավորությունները և նրանք պետք է օգտվեն այդ հնարավորություններից լինելու լիարժեք, օրինական և ստեղծագործ քաղաքացիներ Վրաստանում։
Հայ-վրացական բարեկամության ամրապնդման գործում վիրահայերի դերի մասին։
Դեսպան— Վիահայերը ունեն յուրովի կարգավիճակ, որովհետև վիրահայերին մենք իրավունք չունենք անվանելու սփյուռք կամ համայնք և այս նրանց յուրահատուկ կարգավիճակը նրանց հնարավորություն է տալիս և պարտավորեցնում, որպեսզի լինեն բացառիկ կամուրջ Հայաստան ֊ Վրաստան միջպետական հարաբերություններում։ Լինելով Վրաստանի պարտաճանաչ, հաջողակ և օրինակելի քաղաքացիներ նրանց ձեռքբերումները կհամարվեն և՛ Վրաստանի և՛ Հայաստանի ձեռքբերումնները։ Նրանց հաջողությունները էլ ավելի փոխվստահություն կապահովեն երկու երկրների և ժողովուրդների միջև, ինչն իրապես և սրտանց ցանկանում եմ մեր սիրելի վիրահայերին։
Խոսենք նաև խնդիրների մասին և անրադառնանք մի խրթին հարցիշատ ջավախքցիներ, ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն այսօր չեն կարող մուտք գործել Վրաստան պատճառներն անհայտ են։ Այդպիտիներից է գիտնական Աշոտ Մելքոնյանը, մշակույթի գործիչ Գագիկ Գինոսյանը։ Սա հասկանալի է Վրաստանի ներքին քաղաքականության հարցն է, այնուամենայնիվ հետաքրքիր է իմանալ Վրաստանում ՀՀ դեսպանությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկում խնդրի շուրջ։
Դեսպան— Ես կցանկանամ ընդհանրապես այս հարցին գլոբալ մոտենալ, չխոսել միայն Վրաստանի դեպքով, որովհետև աշխարհում կա ընդունված փորձ, երբ ցանկացած երկրի քաղաքացի, ով մեկ այլ երկիր է ցանկանում մուտք գործել և այն երկրի պատկան կառույցները իրավասու են առանց հիմնավորման թույլ չտալ որևէ քաղաքացու, որ մուտք գործի երկիր, կամ տալ որևէ փաստաթուղթ, որի մեջ գրված կլինի, որ կան պատճառներ որոնք մենք պարտավոր չենք ներկայացնել։
Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ սա ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում և ոչ միայն Վրաստանում է այսպես։ Ինչ վերաբերում է Ձեր նշած մեր պատկառելի գիտնականներին կամ մշակութային գործիչների մասին պետք է նշեմ, որ այդ փաստերի կամ դեպքերի մասին արդեն անցյալ ժամանակով կարող ենք խոսել, որովհետև ես գիտեմ, որ և՛ պարոն Գինոսյանը, և’ պարոն Մելքոնյանը արդեն կարող են մուտք գործել Վրաստան։
Վրաստանի կառավարությունը՝ ի դեմս վարչապետ Իրակլի Ղարիբաշվիի, բազմիցս հայտարարել է, որ Վրաստանը պատրաստակամ է Հայաստանի և Ադրբեջանի համար լինելու բանակցային հարթակ հանուն խաղաղության և կայունության ամրապնդման։ Այս հարցի շուրջ ինչպիսի՞ն է Ձեր մեկնաբանությունը։
Դեսպան— Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Վրաստանի իշխանություններին, մասնավորապես վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և այդ մասին գիտեք, որ ոչ միայն ես այլ տարբեր մակարդակով ՀՀ իշխանության ներկայացուցիչները՝ ի դեմս նաև ՀՀ վարչապետի շնորհակալություն են հայտնել գործադրած անձնական ջանքերի համար, որի արդյունքում 15 հայ ռազմագերիներ վերադարձան Հայաստան։ Ընդհանրապես Հայաստան, Ադրբեջան , Լեռնային Ղարաբաղի հակամարտության առումով գործադրված բոլոր միջնորդական ջանքերը, որոնք կարող են բերել կայունության և խաղաղության, դա Հայաստանի իշխանությունների կողմից միշտ գնահատվել է։ Առավել ևս, որ դա իրականացվում է եղբայրական Վրաստանի կողմից, երկիր որն ունի ջերմ կապեր ՀՀ-ի հետ և ունի ռազմավարական կապեր Ադրբեջանի հետ, իհարկէ Վրաստաը դա կարող է առաջարկել։ Կարծում եմ Վրաստանը կարող է դառնալ բավարար հարթակ, բայց այստեղ նաև մյուս կողմերը պետք է դրան պատրաստ լինեն, ես կարող եմ ՀՀ-ի անունից խոսել ու ասել, որ Հայաստանի Հանրապետությունը բազմիցս արդեն այդ մասին խոսել է, թե վարչապետի և թե արտաքին գործերի նախարարի մակարդակով և նշվել է մեր դիրքորոշումը, հետևաբար այստեղ նաև ադրբեջանական կողմի և մյուս միջնորդ երկրների` մասնավորապես եթե խոսքը Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին է, Մինսկի խմբի համանախագահների, իսկ եթե խոսքը վերաբերում է սահմանազատմանը ինչպես գիտենք կան նաև այլ հարթակներ, նրանց հետ նույնպես պետք է այս ամբողջ գործընթացը համահունչ իրականացնել։ Շատ կարևոր կլիներ, որ տարածաշրջանի երեք երկրները կարողանային լեզու գտնել, գալ ընդհանուր համաձայնության ու դրա համար հարթակ հանդիսանար նաև Վրաստանը։ Ես լիահույս եմ , որ Վրաստանը ամեն ինչ կանի և անում է այդ ուղղությամբ քայլեր, որպեսզի հավասարաչափ վերաբերմունք և հարաբերությունների ստեղծում ունենա երկու երկրների հետ։ Այսինքն շատ կարևոր է երկու երկրների հետ ունենալ նույնատիպ հարաբերություններ։