«Սի Էն Էն»-ի լրագրողը Ուրսուլա ֆոն դեր Լեյենին հարց է ուղղել՝ հիմնված կեղծ տեղեկությունների վրա, պարզ է, թե որքան մասշտաբային է համակարգումը, որն ուղղված է Վրաստանի շահերի դեմ,- ասված է «Վրացական երազանք»-ի նախագահ, Իրակլի Կոբախիձեի հայտարարության մեջ։
«Մի քանի օր առաջ «Սի Էն Էն»-ի լրագրողը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին Վրաստանի հետ կապված կեղծ տեղեկությունների վրա հիմնված հարց է ուղղել: Լրագրողը, մասնավորապես, ասել է, որ տեղեկություններ կան տարբեր երկրների և հատկապես Վրաստանի միջոցով Ռուսաստան պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների ներմուծման մասին, և հարցրել է, թե արդյոք Եվրամիությունը պատժամիջոցների հաջորդ փաթեթը կլուծի՞ այս խնդիրը։
«Սի Էն Էն»-ը սովորական լրատվամիջոց չէ, և այս փաստը հստակ ցույց է տալիս, թե որքան մասշտաբային է համակարգումը, որն ուղղված է Վրաստանի ազգային շահերի դեմ։ Ըստ այդմ, «Սի Էն Էն»-ի լրագրողի հնչեցրած կեղծ տեղեկատվությունը անհապաղ արձագանք է պահանջում։
Եթե Վրաստանը պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ արտահաներ Ռուսաստան, ապա 2022 թվականին Վրաստանից Ռուսաստան արտահանումը պետք է անհամաչափ աճեր։ Այնուամենայնիվ, տեսնենք, թե իրականում ինչ է տեղի ունենում:
2022 թվականին, 2021 թվականի համեմատ, Վրաստանի ընդհանուր արտահանման աճը կազմել է 33 տոկոս, մինչդեռ նույն ժամանակահատվածում դեպի Ռուսաստան արտահանումն աճել է ընդամենը յոթ տոկոսով։ Նույն ժամանակահատվածում Վրաստանից Չինաստան արտահանումն աճել է 20 տոկոսով, Ադրբեջան՝ 27, Թուրքիա՝ 35, ԱՄՆ՝ 36, Բուլղարիա՝ 67, Հայաստան՝ 129, Ղազախստան՝ 148 տոկոսով։ 2022 թվականին Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ դեպի Ռուսաստան արտահանման տեսակարար կշիռը ոչ միայն չի աճել, այլև էապես նվազել է, ինչն անվրեպ հաստատում է «Սի Էն Էն»-ի լրագրողի տարածած տեղեկատվության կեղծ լինելը.
Այստեղ հարկ է նշել, որ Վրաստանից ներկրվող ապրանքները կազմում են 2022 թվականին Ռուսաստանի ընդհանուր ներմուծման ընդամենը 0,3 (!) տոկոսը։ Այս ֆոնին, երբ արտասահմանյան կոնկրետ լրատվամիջոցներ պնդում են, թե Ռուսաստանն իրեն կերակրում է Վրաստանից ներկրվող ապրանքներով, դա, մեղմ ասած, շատ մեծ սուտ է.
Նշենք նաև, որ 2022 թվականին Վրաստանից Ռուսաստան արտահանված ապրանքների 3/4-ից ավելին եղել են ոգելից և ոչ ալկոհոլային խմիչքները, գյուղմթերքները և ֆերոհամաձուլվածքները.
Ի վերջո, հիշեցնենք, որ մեր երկրին Ռուսաստանի հետ առևտրային հարաբերություններ պահպանելու համար քննադատելու փոխարեն՝ Եվրամիության երկրները Ռուսաստանին ամեն օր հարյուր միլիոնավոր եվրո են վճարում ներկրվող ապրանքների տեսքով (!): Բացի այդ, 2022 թվականի փետրվար-օգոստոսին, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Ռուսաստանից ներմուծումն աճել է 33 տոկոսով Գերմանիայում, 24 տոկոսով՝ Լեհաստանում, 100 տոկոսով՝ Իտալիայում, 84 տոկոսով՝ Ֆրանսիայում, 51 տոկոսով՝ Նիդեռլանդներում, 78 տոկոսով` Բելգիայում, իսկ Հունգարիայում՝ 132 տոկոս, Հունաստանում՝ 142 տոկոս, Իսպանիայում՝ 51 տոկոս, Ավստրիայում՝ 139 տոկոս, Սլովակիայում՝ 71 տոկոս, Բուլղարիայում՝ 116 տոկոս, Ռումինիայում՝ 55 տոկոս, Չեխիայում՝ 31 տոկոսով, Սլովենիայում՝ 346 տոկոսով, Խորվաթիայում՝ 68 տոկոսով, Կիպրոսում՝ 138 տոկոսով, Լյուքսեմբուրգում՝ 262 տոկոսով։
Երբ արտասահմանյան ազդեցիկ լրատվամիջոցները վրացական պետության դեմ ուղղված այս մասշտաբի ստեր են տարածում, դա առանձին խնդիր է։ Սակայն ավելի մեծ խնդիր է, երբ նույն սուտը տարածվում է վրացական արմատական ընդդիմության և նրա լրատվամիջոցների կողմից։ Այս փաստը ևս մեկ անգամ հաստատում է, որ այդ մարդկանց համար Վրաստանի ազգային շահերը ոչինչ չեն նշանակում, և իրականում նրանք ոչ թե Վրաստանին են սպասարկում, այլ նրա նկատմամբ թշնամական ուժի։ Տխուր է նաև, երբ նախագահին համոզեցին տարածել այս սուտը, ով պահանջեց մեղադրանքներին «կատեգորիկ և փաստացի պատասխան տալ»։
Սա իմ կատեգորիկ և փաստերով հիմնավորված պատասխանն է կեղծ մեղադրանքին, որը վերաբերում է Ռուսաստանի կողմից վրացական արտահանումը «փչացնելու» և պատժամիջոցները շրջանցելուն», – ասվում է Իրակլի Կոբախիձեի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։