1896 թ. փետրվարին Ա. Բլրցյանը գրել է. «Տեառնընդառաջի օրը, մեր ժողովուրդը ասում է «Տէրընդէզ», հայոց եկեղեցին, ինչպէս յայտնի է, տօնում է Փրկչի քառասնօրեայ տաճար տարուիլն ու Սիմէօն ծերունուց օրհնուիլը: Ախալքալաքի գիւղերի ժողովուրդն այդ օրուայ յիշատակը ուրիշ կերպ է տօնում: Տեառնընդառաջի նախընթաց երեկոյին բոլոր գիւղացիք շտապում են եկեղեցի գնալ: Այդ օրը եկեղեցի գնալը կատարում են առանձին շքեղ ու վայելուչ կերպով: Ժամերգութիւնն աւարտելուց յետոյ, իւրաքանչիւր տան աւագը վերցնում է եկեղեցուց մի մի մոմ, առանց հանգցնելու գալիս է տուն մարդկանցով, կանգնում տան դրսի շէմքի առաջ ու վառում է իւր ձեռքի մոմով դիզուած խոտը – դրնդէզը, որ առաջուց պատրաստուած է լինում: Ծուխն ու բոցը երբ բարձրանում են՝ տղամարդիկ սկսում են կրակի վրայից թռչկոտալ. իսկ կանայք պտտում են կրակի շուրջը, ասելով հետևեալ խօսքերը. «Ո՛չ բորոտինք, ո՛չ քոսոտինք, ցաւ-ցասումէ ազատ մնանք»:
Այս խօսքերն այնքան կրկնում և այնքան պտտում են կրակի շուրջը, մինչև որ հանգչում են կրակի կայծերը: Դրնդէզի հրդեհուած ժամանակը տանտիկինը բերում է 1-2 հաւ, ագիի փետուրներն այրում է, որպէսզի թուխս նստելիս որքան որ ձու ունենայ տակը, առանց վնասուելու բոլոր ձուերից ճուտեր գոյանան: Դրնդէզի ծուխը վերև բարձրանալու ժամանակ, որ կողմը թեքուի, գիւղացիք գուշակում են, որ այն կողմի արտերի ցանքը առատ հունձ կըտայ յառաջիկայ տարին:
Դրնդէզի կրակն երբ հանգչում, մոխիր է դառնում, այդ մոխիրը վերցնում, ածում են գարու, ցորենի շտեմարանների մէջ, որպէսզի առատութիւն լինի ամեն տարի, շտեմարանները որպէսզի լցուին հացով: Նոյնպէս դրնդէզի մոխրից ածում են տան երթիկներից ներս նրա համար, որ ցաւ ու պատուհասներից ազատ մնան կենդանիները: Այն մոմերը, որ եկեղեցուց բերում են դրնդէզը վառելու, կրկին վառում և երեք կաթիլ կաթեցնում են տղամարդիկ իրենց գլխարկների մէջ, որպէսզի ազատ մնան կայծակից:
Յաճախ պատահել է, որ դրնդէզը վառելիս երեխաներ են ընկել կրակի մէջ և վնասուել այրելով իրենց շորերը և մարմնի մասերը: Մօտ տարիներս Ախալքալաքի գաւառում գտնուող Տիլիսկա գիւղում դրնդէզի ժամանա այրուել և մեռել է մի 7 տարեկան տղայ:
Դրնդէզի երեկոյեան ուտելու համար տանտիկինը բերում և բաժանում է տնեցոց գունդ-գունդ փոխինձ, որ շաղաղուած է լինում մեղրով» :
«Նոր Դար», 1896, № 36, 28 փետրվարի:
Արմեն Ասատրյան
պատմաբան
akhaltskha.net