Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգիծը շատ մոտ ապագայում սկսելու է գործել։ Շատ է խոսվել այն մասին, որ Թուրքիան և Ադրբեջանը, բացի տնտեսական շահ հետապնդելուց, ակնկալում են, որ այն կդառնա Հայաստանը կոմունիկացիոն շրջափակման ենթարկող գործիք, որին Վրաստանը ևս ակամայից մասնակից է դառնում։
Ջավախքում ևս այն ընկալվում է ոչ միանշանակ, քանի որ երկաթգիծը կարող է նպաստել թուրքական տարրերի ներթափանցմանը և ապագայում վերածվել լուրջ սպառնալիքի։
Հիմնականում այս պատճառներով Ջավախքում և Հայաստանում երկաթգծի գոյությունը բացասական է ընկալվում։ Սակայն, քանի որ երկաթգիծն այլևս իրականություն է ու վերջինիս գործարկումը սարերի հետևում չէ, անհրաժեշտ է հաշվի նստել այս փաստի հետ և մտածել այն մասին, թե արդյո՞ք հնարավոր և իրատեսական է երկաթգծից սպասվող վտանգները ոչ միայն չեզոքացնել, այլ նույնիսկ հնարավորինս օգուտ ստանալ։
Ուստի, առաջին հերթին պետք է հասնել նրան, որ Վրաստանը ապահովի ջավախքցիների առավելագույն մասնակցությունը երկաթգծի շահագործմանը։ Կա դառը փորձ, որ Ջավախքում թուրքական կապիտալի մասնակցությամբ ձեռնարկություններում ջավախքցիների աշխատելու մասով խնդիրներ են հարուցվում։
Այս խնդրով պետք է զբաղվի ոչ միայն Հայաստանը, այլ նաև Ջավախքի տեղական իշխանությունները, խորհրդարանի պատգամավորները և հասարակական կազմակերպությունները։ Եվ երկրորդ, քննարկել Հայաստանի՝ բեռներ փոխադրելու նպատակով երկաթգծից օգտվելու հնարավորություններն ու հեռանկարները։
Կասկածից դուրս է, որ ադրբեջանաթուրքական տանդեմն ամեն ինչ անելու է ոչ միայն ջավախքցիներին մասնակցությունից հեռու պահելու, այլ նաև երկաթգծից Հայաստանի օգտվելը բացառելու համար, սակայն Վրաստանի հետ ակտիվ աշխատելու պարագայում հնարավոր է դրական արդյունքներ ունենալ։
Ցավոք, Վրաստանի հետ համագործակցության ներկայիս ֆորմատով անհնար է ակնառու հաջողություններ գրանցել։ Անշարժ գույքի վերածված միջպետական հանձնաժողովների և դեսպանության գործելաոճը, որը սահմանափակված է կոնյակներ նվիրելով, գինիներ նվեր ստանալով ու Հայոս – Քարթլոսի կենացը խմելով, իրեն սպառել է։
Անհրաժեշտ են նոր, ժամանակակից մոտեցումներ, նոր շարժառիթներ և այս և այլ խնդիրներով զբաղվող կոմպետենտ ու մոտիվացված մարդիկ՝ հարցերը խորքային մակարդակում գնահատող, պետական շահը առաջնային ընկալող և կոնկրետ քայլեր ձեռնարկող։
Երկաթգծի գործարկումով տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվում, և Հայաստանի կողմից անգործությունը և դիտորդի կարգավիճակը կարող է ճակատագրական լինել։
Արտյուշ Գրիգորյան
Hetq.am