ՄԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ

Հատկապես վերջին տարիներին իմ մշտական ուղեկիցն է այն միտքը, որ պետք է գրի առնել մեր մանկության հիշողությունները՝ մեր մեջ անթեղված բազմաթիվ դեպքեր ու դեմքեր, պատկերներ, որոնք գրի չառնելու դեպքում կանգնելու են անհետ կորչելու վտանգի առջև: Իսկ հիշողությունը մեր պատմությունն է, առանց որի առաջ գնալը պարզապես անհնար է: Իմ մանկության հիշողություններն սկզիբ են առնում 1990-ականների սկզբներից, այսինքն` այն շրջանից, երբ Խորհրդային Միության կազմալուծման թոհուբոհում տեղի ունեցավ Վրաստանի անկախության վերականգնման մասին համաժողովրդական հանրաքվեն (1991 թ. մարտի 31-ին), որի արդյունքների հիման վրա էլ ապրիլի 9-ին Վրաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հայտարարեց Վրաստանի անկախության վերականգնման մասին: Շուրջ մեկուկես ամիս անց` մայիսի 26-ին, նախագահ ընտրվեց ոչ անհայտ Զվիադ Գամսախուրդիան, իսկ նույն թվականի ավարտին երկրում սկսվեց շուրջ երկու տարի տևած քաղաքացիական պատերազմը, որի սկիզբը դարձավ Զ. Գամսախուրդիայի կարճատև իշխանության ավարտը:

Շուտով` 1992 թ. մարտին, երկիրը գլխավորեց Ռազմական խորհրդի հրավերով Վրաստան ժամանած Էդուարդ Շևարդնաձեն՝ ԽՍՀՄ առանցքային դերակատարներից մեկը` արտաքին գործերի նախկին մինիստրը (1985-1990): Ավելի վաղ նա Վրաստանի Կոմկուսի առաջին քարտուղարի պաշտոնում 13 տարի ղեկավարել էր երկիրը (1972—1985):

Անկախ Վրաստանի ղեկավարի պաշտոնում Էդ. Շևարդնաձեի իշխանությունը տեւեց 11 տարի (1992-2003 թթ.): Քաղաքական և պետական այդ գործիչը մահկանացուն կնքեց 2014 թ. ամռանը: Նրա կյանքը և գործունեությունը պատմական մի ողջ դարաշրջան էր, իսկ նորանկախ Վրաստանում նրա ղեկավարության շրջանը շաղկապված է իմ սերնդակից ջավախահայերի մանկության տարիների հետ, որոնք մեզ համար եղան խավարի, ցրտի, քանդված ճանապարհների, ամենաթողության, կաշառակերության ծաղկման, կանոնավոր աշխատավարձերի բացակայության, ջավախահայության ազգային շահերի դեմ ընդունված բազմապիսի օրենքների, քրեական տարրերի սանձարձակ գործունեության, պետական արժույթի արժեզրկման դժվարին տարիներ, այդուհանդերձ` մեր մանկության քաղցր հիշողությունների, հույզերի, հույսերի ու երազանքների տարիներ: Կարճ ասած` Էդ. Շևարդնաձեն մասամբ մեր մանկությունն է, ուստի և որոշեցի Հայրենի Ջավախքի մասին ներկայացվելիք իրապատումների շարքը կոչել «Մեր մանկության Շևարդնաձեն»:

Ստորև ներկայացնում եմ այս խորագրի տակ զետեղված պատումներից առաջինը:

 

ՄԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ

Մաս I

Հարսանիք եկեղեցում 

Օրերս տեղի է ունենալու Ջավախքի Լոմատուրցխ գյուղի եկեղեցու վերաօծման սուրբ արարողությունը: Գյուղի բարերաների կողմից վերանորոգված հնամենի եկեղեցում կրկին կթևածի աղոթքն առ Աստված՝ մարդկանց հոգիներում վերըձյուղելով մեր նախնյաց հավատքի 1700-ամյա քրիստոնեական շունչն ու ոգին:

1920-ականներին եկեեղեցին դադարեց աղոթատուն լինելուց. կոնկրետ ո՞ր թվականին դա տեղի ունեցավ, քանի՞ տարի է ացել, չեմ ճշտել, և այս պահի դա էական էլ չէ: Եկեղեցու վերաօծման մասին լուրն իմ մեջ արթնացրեց մանկության տարիների անմոռաց պատկերներ, որոնք առնչվում են այս եկեղեցուն: Խորհրդային աստվածամերժության և հետխորհրդային խառնիճաղանջ տարիներին մեր գյուղական եկեղեցիները վերածվել էին բոլորովին այլ գործառույթներ իրականացնող «հաստատությունների»: Բազմաթիվ գյուղական «ժամեր», ինչպես, օրինակ, իմ հայրենի Ղադո գյուղի Սբ. Գր. Նարեկացի եկեղեցին, վերածվել էին կոլտնտեսության դաշտերի համար նախատեսված քիմիական պարարտանյութերի պահեստների: Իսկ ահա հարևան Լոմատուրցխ գյուղի հասարակությունը որոշել էր եկեղեցին օգտագործել ոչ պակաս կենսական նշանակություն ունեցող մեկ այլ կարիք հոգալու համար. սկզբնական շրջանում որպես պահեստ օգտագործելուց որոշ ժամանակ անց եկեղեցին վերածեցին հարսանքատան:

Ունենալով բազմաթիվ բարեկամներ` առիթ եմ ունեցել մասնակցելու լոմատուրցխեցիների հարսանեկան արարողություններին, որոնցից անջնջելի տպավորություններ են պահպանվել հիշողությանս մեջ: Իհարկե, այդ արարողությունները ոչնչով չեն տարբերվել այլ գյուղերի նման միջոցառումներից, եթե հաշվի չառնենք մի հանգամանք. հարսանիքը տեղի էր ունենում եկեղեցում, բայց ոչ այն իմաստով, որ ընկալելի է այսօրվա սերնդին: Խոսքը ոչ թե եկեղեցում կատարվող պսակադրության մասին է, այլ՝ խնջույքի, որն ինքնին առանձնահատուկ էր:

Ահա ավանդական «մաղարը», որին միացած «մաղրվորներն» առավոտյան գնում էին հարսի տուն, մի շարք պաշտոնական արարողություններից հետո երեկոյան կողմ վերադառնում էին խնջույքի վայր` եկեղեցու շենք: Բնականաբար հարսի ու փեսայի պատվավոր տեղը եկեղեցու բեմն էր՝ խորանը, որտեղից հոգևորականները ժամանակին կատարում էին սպասավորության կարգը: Այդ բարձրությունից նորապսակները կարծես հսկում էին ողջ հանդիսությունը: Եկեղեցու մի անկյունում երաժշտախումբն էր, մյուսում՝ խոհանոցը, որտեղից ողջ եկեղեցով մեկ տարածվում էին անուշահոտ կերակուրների բույրը և գոլորշին: Տոնական սեղանները դասավորված էին եկեղեցու երկայնքով` բեմին ուղղահայաց: Տպավորիչ էր հարսանքավորների պարը. պարողները, իրար ձեռք բռնած, ձգվող շարքով անցնում էին սեղանների երկայնքով, հասնում խորանին, աստիճաններով բարձրանում, անցնում էին հարսի ու փեսայի առջևով՝ ողջունելով նրանց, ապա մյուս կողմի  աստիճանով նույնքան կանոնավոր կերպով իջնում բեմից և վերադառնում պարահրապարակ:

Ինչպես ընդունված էր ողջ Ջավախքում՝ Լոմատուրցխի հարսանքավորներին ևս ողջունում էր պատին գրված երկտողը. «Բարի գալուստ հյուրերին: Երջանկություն զույգերին»: Տպավորիչ էին նաև եկեղեցի-հարսանքատան պատերին փակցված բազմաթիվ լուսանկարները՝ Մեծ հայրենականի մասնակիցների և տեսարանների պատկերներով:

Տարիներ են անցել: Հասարակարգի փոփոխմամբ արմատապես փոխվեց նաև հոգևոր-կրոնական հաստատությունների նկատմամբ մարդկանց վերաբերմունքը. դատարկվեցին պահեստները, մաքրվեց խորհրդային հասարակարգի փոշին, Ջավախքի շատ եկեղեցիներ վերանորոգ տեսք ստացան, որոշներում կրկին հնչեց աղոթքը: Լոմատուրցխ գյուղը ևս հետ չմնաց այս ընթացքից,. հետխորհրդային տարիներին գյուղի հարսանքատունը տեղափոխվեց նախկին կոլտնտեսության շենքերից մեկը: Տասնամյակներ շարունակ աղոթքին փոխարինած հարսանեկան աշխույժ մթնոլորտը կրկին տեղի տվեց, որին փոխարինելու եկավ ծանր ու խորհրդավոր մի լռություն:

Օրեր անց Լոմատուրց գյուղի բարերարների շնորհիվ վերանորոգված եկեղեցում կրկին հնչելու է աղոթք, իսկ թե ինչ է տեղի ունեցել նախկինում` արդեն հիշողություն է, Լոմատուրցխ գյուղի եկեղեցու պատմությունը, որի գմբեթի ներքո մի ժամանակ երջանկանում էին նորապսակ զույգերը, որտեղ ծնվում, շունչ և հոգի էին առնում գյուղի նորաստեղծ ընտանիքները:

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

5 հունիսի, 2017 թ.