Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ազգային փոքրամասնությունների գծով ներկայացուցիչները մի շարք անկախ փորձագետների հետ միասին հունիսի 6-ին մոնիտորինգ իրականացնելու նպատակով այցելեցին Ախալցխա:
Ախալցխայում տվյալ խմբի անդամները հանդիպումներ անցկացրեցին Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաճուտաձեյի հետ, ինչպես նաեւ հանդիպեցին տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ քաղաքական կուսակցությունների անդամներին:
Հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ Դեմոկրատ Մեսխերի միությունում մասնակցում էին մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնց շարքում էին հայկական կազմակերպությունները՝ մասնավորապես Վրաստանի Ժողովուրդների Ժողովրդավարական Միության եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի ներկայացուցիչները: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ այլ տեղական կազմակերպությունների հայ եւ վրացի ներկայացուցիչներ:
Հանդիպմանը օմբուցմենի գրասենյակի ներկայացուցիչները ներկաներից հետաքրքրվեցին Վրաստանի քաղաքացիությունը կորցրած անձանց երկքաղաքացիություն չտրամադրելու խնդիրը, կրթական, կրոնական եւ այլ տեսակի հարցեր, որոնք վերաբերվում էին խտրական վերաբերմունքի արդյունքներին:
Հանդիպման ընթացքում ՎԺԺՄ-ի տնօրեն Աշոտ Կավալերյանը եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրեն տնօրեն Էդուարդ Այվազյանը մանրամասն ներկայացրին հավաքվածներին նախկին քաղաքացիներին երկքաղաքացիություն չտրամադրելու խնդրի վերաբերյալ տեղեկություն:
«Մենք ականատես եղանք թե ինչպես են քաղաքացիությունից զրկում այն քաղաքացիներին, որոնց ձեռք էին բերել Հայաստանի քաղաքացիություն: Շատերը դիմում էին իշխանություններին, որպեսզի վերականգնեն իրենց քաղաքացիությունը եւ մերժում ստանում: Նույն ժամանակ թուրքերին տալիս էին քաղաքացիություն»,-ասում է Աշոտ Կավալերյանը:
Հանդիպմանը անդրադարձ եղավ կրթական եւ այլ տեսակի խնդիրներին, որոնք հուզում են Սամցխե-Ջավախքի հայությանը: Քննարկումների ընթացքում պարզվեց, որ կրթության մեջ բոլորից սուր թեմաները մնում են հայկական դասագրքերի պակասի եւ հաճախակի տառասխալներով գրքերի թարգմանության խնդիրները:
Ժողովրդավարական Ներգրավվածության Կենտրոնի ներկայացուցիչ Ամալիա Սարգսյանի խոսքերով վրաց լեզվի վատ իմացության պատճառով շատ հաճախ մեղավոր են ոչ թե աշակերտները այլ նրանց ուսուցիչները, որոնք չնայած բարձր աշխատավարձի հաճախ լավ չեն իրականացնում իրենց պարտականությունը:
Անդրադարձ եղավ փոքրամասնությունների լեզվով գործող մանկապարտեզների հարցին: Օմբուցմենի ներկայացուցիչները եւ անկախ փորձագետները հետաքրքրվեցին թե քանի հայկական մանկապարտեզ կա քաղաքում եւ շրջանում, ինչին ի պատասխան տեղեկացան, որ քաղաքում չկա ոչ մի հայկական մանկապարտեզ, այլ դրա փոխարեն քաղաքում կա ընդամենը երկու հայկական խմբակ, որը չի բավարարում հայ ազգաբնակչությանը: Գրեթե նույն պատկերն է նաեւ գյուղերում:
Մոնիտորինգ անցկացնող խմբի անդամները զարմացան, որ Ախալցխայում չկա ոչ մի հայկական մանկապարտեզ, քանի, որ այս հանդիպումից առաջ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաճուտաձեն ներկայացրել էր նրանց, որ իբր քաղաքում կա հայկական մանկապարտեզ:
«Մենք ընտրություններից առաջ բարձրացրել ենք տվյալ հարցը իշխանությունների մոտ: Նաեւ տարիներ առաջ գրավոր դիմում ենք ներկայացրել, սակայն մինչեւ օրս չի բացվել ոչ մի հայկական մանկապարտեզ, որի պահանջարկը ժողովրդի մեջ կա»,-հանդիպման ժամանակ ասաց Էդուարդ Այվազյանը:
Խմբի անդամները հետաքրքրվեցին թե ինչպիսին է քանակական հարաբերակցությունը քաղաքի սակրեբուլոյում, քաղաքապետարանում եւ նահանգապետարանում եւ ինչքան են հայերը աշխատում տվյալ պետական հաստատություններում:
Այս թեմայով վրացալեզու «Հարավային դարպաս» թերթի խմբագիր Նինո Նարիմանիշվիլին խմբի անդամներին եւ անկախ փորձագետներին տեղեկացրեց, որ քաղաքային խորհրդում կա ընդամենը երկու հայ պատգամավոր, իսկ քաղաքապետարանում չկա հայ ազգի փոխքաղաքապետ: Նրա խոսքերով ընդհանուր առմամբ քաղաքապետարանում կա մի քանի հայ ազգի աշխատակից: Նման է պատկերը շրջանային վարչությունում, որտեղ կա հայ ազգի մեկ ներկայացուցիչ, ինչպես նաեւ կան գյուղերի պատասխանատուներ:
Սամցխե-Ջավախքի նահանգապետարանում հասարակական կազմակերպությունների տեղեկությամբ չկա ոչ մի հայ ազգի ներկայացուցիչ, չնայած որ նահանգապետ Ակակի Մաճուտաձեն մոնիտորինգ անող խմբին ներկայացրել է, որ նահանգապետարանում կա մեկ հայ ազգի ներկայացուցիչ: