Վրաստանի տեղեկատվական դաշտում ընթացող պատերազմում հայկական լրատվամիջոցները մեծ անելիք ունեն

Վրաստանի տեղեկատվական դաշտում ընթացող պատերազմում հայկական լրատվամիջոցները մեծ անելիք ունեն

Վերջին տարիներին Ադրբեջանական քարոզչամեքենան շատ ակտիվ սկսել է զբաղվել Վրաստանով։ Տեղական ադրբեջանական լրատվամիջոցների համար առաջնային նպատակն է դարձել ազդել վրաց հասարակության վրա ու սեպ խրել հայ-վրացական դարավոր բարեկամության մեջ։ Այդ պատճառով Ադրբեջանի իշխանությունները տարբեր հիմնադրամների միջոցով ակտիվ ստեղծել եւ ֆինանսավորել են սկսել տարբեր վրացալեզու ու ռուսալեզու լրատվամիջոցներ։ Տվյալ գործունեության մեջ ամենաակտիվ ներգրավված է ադրբեջանական Socar ընկերությունը, որը անթաքույց գրանտեր է բաժանում տարբեր լրատվամիջոցների ու նույնիսկ հասարակական կազմակերպությունների։ Սրանցից ամենահայտնին «Кавказ плюс» կոչվող լրատվամիջոցն է, սակայն կան նաեւ շատ ուրիշներ։

Դրանից բացի վրացական սոցիալական ցանցերում գոյություն ունի մի ահռելի բանակ հակահայկական ուղղվածություն ունեցող ֆեյքերի, որոնք կոորդինացված աշխատանք են տանում հակահայկական քարոզչություն տանող լրատվամիջոցների հետ։ Արդյունքում վրացական հասարակությունը ու նույնիսկ քաղաքական գործիչները հաճախ ապատեղեկացվում են հակահայկական ուղղվածություն ունեցող հոդվածների ու կեղծ լրատվության պատճառով։ Նրանց կեղտոտ քարոզչության թիրախում  հատկապես հայտնվել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանը, որտեղ նախկինում հակահայկական քարոզչության մասով այնքան պասիվ տարածաշրջան էր, որ դեռեւս մեկ տարի առաջ Ջավախքի սոցիալական ցանցերում չէր կարելի գտնել հակահայկական բնույթի մեկնաբանություններ։ Տեղացի վրացին կամ հայը անցյալում իրեն թույլ չէր տա նման անհամեստություն ու անարգանք, սակայն այստեղ եւս ամեն ինչ սկսվեց փոխվել դեպի վատ ուղղությամբ։

Ադրբեջանական կեղծ քարոզչամեքենան իր գագաթնակետին հասավ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, երբ Ախալքալաքի Բուղաշեն գյուղում վերաբացվեց վերանորոգված արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին։ Ադրբեջանական ապատեղեկատվությունը ու քարոզչությունը այդ ժամանակ այնքան ուժեղ էր, որ նույնիսկ դիվանագիտական լարվածություն ստեղծեց Վրաստանի ու Ադրբեջանի միջեւ, իսկ վրաց հասարակությունը մի պահ հավատաց, որ իբր Միքայել Ավագյանը Աբխազիայում կռվել է վրացական բանակի դեմ։ Դրանից բացի Սամցխե-Ջավախքում գործող վրացական լրատվամիջոցները առանց ստուգելու լրատվության աղբյուրը կամ էլ միտումնավոր սկսեցին տարածել տարբեր տեսակի ադրբեջանական ապատեղեկատվություններ Միքայել Ավագյանի կիսանդրու եւ նրա կյանքի վերաբերյալ։

Ընդհանրապես վրաց հասարակության համար ամենազգայուն հարցերից մեկը դա Աբխազիայում պատերազմի ժամանակ գոյություն ունեցած Բաղրամյանի անվան գումարտակի հարցն է։ Եւ այս ամենը անընդհատ հիշեցվում է վրաց հասարակությանը շատ կոպիտ ու երբեմն անգրագետ ցինիկ ձեւերով, ինչը հասարակ մարդու մոտ ագրեսիա է առաջացնում։ Ցանկացած տեղեկատվություն հայերի ակտիվ հասարակական կյանքի մասին Ջավախքում, ադրբեջանական ապատեղեկատվությամբ դառնում է անջատողականության մասին թեմա, որում զուգահեռներ են անցկացնում արցախյան շարժման հետ։ Օրինակի համար ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը կապված էր Ջավախքի համար ԱՄՆ-ում կազմակերպված թելեթոն դրամահավաքի հետ։ Ադրբեջանական ազդեցության տակ գործող լրատվամիջոցներում դրամահավաքի գաղափարը արագ դարձավ անջատողականության դրսեւորում, որտեղ նրանք կրկին սկսեցին զուգահեռներ անցկացնել Արցախի հետ ու մարզամշակութային կենտրոնի գաղափարը իրենց լրատվամիջոցներում վերածեցին զինյալ մարտիկների պատրաստման թեմայի։

Սակայն ինչն էր զարմանալի, որ նման աբսուրդի հասնող հոդվածը տարածվեց որոշ վրացական լրատվամիջոցներով, ինչի արդյունքում ապատեղեկատվության զոհ դարձան նաեւ որոշ քաղաքական գործիչներ։ Օրինակ՝ դրանցից մեկը «Լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին էր, ով նույնպես հավատաց տվյալ լրատվությանը եւ ենթարկվեց սադրանքին։

Հաջորդ ու հերթական թիրախը հայկական եկեղեցիներն էին։  Ջավախքում վերանորոգվող մի քանի հայկական եկեղեցիներ ադրբեջանական ապատեղեկատվության մեջ հանկարծ դարձան վրացական, որոնց հանդեպ հայերը վանդալիզմ են իրականացնում։ Ու պատկերացրեք, դա եւս առանց ստուգվելու արագ տարածվեց վրացական լրատվամիջոցներում եւ սոցիալական դաշտում, որտեղ արդեն վարժված ձեւով անընդհատ ներկայացվում էին նման սադրիչ ապատեղեկատվություններ։ Տվյալ լրատվամիջոցները նույնիսկ չալարեցին գտնել տարիներ առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի արված հայտարարությունը Վրաստանի կողմից հնարավոր ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ ու տարածեցին այն խիստ աղավաղված ձեւով, որպեսզի վրաց հասարակության մոտ կրկին կարծիք ստեղծվի,որ իբր հայերը դեմ են Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությանը եւ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությանը դեպքում, հայերը Ջավախեթիում ապստամբություն կբարձրացնեն։

Նման քարոզչական բնույթի ապատեղեկատվությունների մասին օրինակներով ու բազմաթիվ փաստարկներով կարելի է երկար խոսել, ինչպես կարելի է երկար խոսել դրանց արդյունքում ձեւավորված ու թափ ստացող հակահայկական տրամադրությունների մասին, սակայն մի բան փաստ է, որ այս ամենը Ադրբեջանի կողմից իրականացվում է համակարգված ու պետական մակարդակով, որի մեջ փողի դիմաց ներգրավված են նաեւ որոշ վրացական լրատվամիջոցներ եւ թիրախը ոչ միայն Վրաստանի հայ համայնքն է այլ հայ-վրացական հարաբերությունները, լինի դա պետական թե հասարակական հարթության վրա։ Ադրբեջանական քարոզչամեքենայի նպատակը ոչ միայն հայ-վրացական հարաբերությունների վատթարացումն է, այլ այս երկրի տարածքում ազգամիջյան կոնֆլիկտ ստեղծելը, ինչի արդյունքում Հայաստանը կհայտնվի լիակատար շրջափակման մեջ ու կունենա նոր լարվածության օջախ իր հյուսիսում, ինչից կօգտվեն իրենք՝ Ադրբեջանը ու Թուրքիան պանթուրքիզմի ծրագիրը իրականացնելիս։

Այդ իսկ պատճառով, Հայաստանի Հանրապետությունը պետք է շատ լուրջ վերաբերվի Վրաստան ներթափանցած ադրբեջանական քարոզչամեքենային ու արդյունավետ պաշտպանության մեխանիզմներ ստեղծի դրանց նկատմամբ։

Այս ամենի դեմ պայքարելու համար այդքան արդյունավետ չեն հայաստանյան լրատվամիջոցները եւ ոչ էլ տեղական հայալեզու թերթերը, որոնց մեծ մասը ստեղծվել եւ ֆինանսավորվում են արեւմտյան ծրագրերի միջոցով։ Իհարկե Վրաստանի տեղեկատվական դաշտում ընթացող պատերազմում հայկական լրատվամիջոցները մեծ անելիք ունեն եւ անելիք ունեն նաեւ հայալեզու տեղական լրատվամիջոցները, սակայն դրանց հակազդելու համար պետական մոտեցում է հարկավոր։

Վրաստանում վերոնշյալ հայալեզու լրատվամիջոցների գոյությունը ու ադրբեջանական քարոզչամեքենային հակազդելու փորձերը իհարկե շատ կարեւոր են, սակայն նույն ժամանակ խիստ անբավարար։ Որպեսզի այս ուղղությամբ գրանցվեն լուրջ հաջողություններ, ապա պետք է ստեղծվեն ռուսալեզու ու վրացալեզու հենց վրացական լրատվամիջոցներ, որոնք առօրյա լրատվության տարածման հետ մեկտեղ կզբաղվեն հակահայկական բնույթի քարոզչության դեմ գրագետ ու արդյունավետ պայքարով։

Հուսանք, որ Հայաստանի իշխանությունները լրջագույն ձեւով կզբաղվեն այս խնդրով,  իսկ Վրացական իշխանությունները իրենց հերթին կհասկանան, թե ինչքան վտանգավոր է քարոզչական բնույթի ապատեղեկատվության տարածումը այն երկրում, որտեղ բնակվում են տարբեր ազգերի ու կրոնական համայնքների ներկայացուցիչներ եւ կփորձեն հակազդել տվյալ վտանգավոր քարոզչությանը։

 

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

Էդուարդ Այվազյան