ArmDaily.am-ի զրուցակիցն է Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Էդուարդ Այվազյանը:
-Վերջերս հաճախակի են դարձել հայ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Վրաստան ու հանդիպումները իրենց վրացի գործընկերների հետ: Արդյո՞ք հանդիպումների նմանատիպ հաճախակիացումը որևէ կերպ կապ ունեն 44-օրյա պատերազմից հետո ստեղծված տարածաշրջանային իրավիճակի հետ:
-Հաճախակի դարձած հանդիպումները կապված են ոչ միայն 44-օրյա պատերազմից հետո մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետ, այլ նաեւ 2018 թվականի հեղափոխության ու հիմա էլ ուկրաիանական պատերազմի հետ։ Փորձենք հերթով անդրադառնալ այս հարցերին։ Առաջինը՝ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունն էր եւ ձեր վարչապետի այցը Վրաստան, որը առաջինն էր իր համար։ Այդ ընթացքում նա այցելեց նաեւ Ջավախք։ Ջավախքում տասնյակ տարիներ չէին տեսել նման բարձրաստիճան այց ՀՀ-ից ու ինչը չափազանց կարեւոր է՝ այդ այցի ընթացքում Փաշինյանը խոսեց հենց նրա մասին, որ Ջավախքը պետք է դառնա հայ-վրացական հարաբերությունների առանցք, ինչպես նաեւ Վրաստանում պետք է համոզված լինեն, որ ոչ մի դավադրություն չի կարող լինել իրենց նկատմամբ Հայաստանի կողմից եւ Հայաստանում էլ պետք է համոզված լինեն, որ Վրաստանից էլ չի լինի որեւէ դավադրություն ընդդեմ Հայաստանի։ Այդ այցը եւ տվյալ հայտարարությունները չափազանց կարեւոր էին Վրաստանի համար, քանզի Վրաստանում միշտ մտավախություն կար, որ ՀՀ-ից կարող են սադրանքներ լինել ընդդեմ Վրաստանի հենց Ջավախքի միջոցով։ Ու Փաշինյանի տվյալ այցով ու հայտարարություններով Վրաստանի իշխանությունները սկսեցին ավելի վստահել Հայատանի իշխանություններին ու գնալով այդ վստահությունը ամեն հանդիպումով ոչ թե նվազեց, այլ ավելացավ։ Դրանից բացի հեղափոխությունը Վրաստանում ընկալվեց որպես ժողովրդավարական ընթացքի ու բարեփոխումների քաղաքականության մեկնարկ, որը Վրաստանի համար չափազանց կարեւոր է։ Այստեղ ցանկանում են, որ ՀՀ-ի հետ միասին խորացնեն իրենց եվրաինտեգրման եւ պետական բարեփոխումների ընթացքը։
Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմին, ապա այստեղ եւս Վրաստանի իշխանությունները տեսան ու համոզվեցին, թե ինչքան վտանգավոր քաղաքականություն են վարում տարածաշրջանում Թուրքիան ու Ադրբեջանը, ինչպես նաեւ Ռուսաստանը։ Սկզբնական փուլում, եթե տվյալ գիտակցությունը չկար կամ բավարար չէր Վրաստանում, ապա հիմա շատ ավելի առկա է, որ Թուրքիան ու Ադրբեջանը վտանգ են սպառնում ողջ տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության համար եւ այստեղ, ՀՀ-ից հետո, կարող է բացառություն չլինել նաեւ Վրաստանը։ Հիշեցնեմ, որ Էրդողանը բազմիցս է խոսել Բաթումիի եւ նույնիսկ Ախալցխայի մասին, իսկ Ադրբեջանը հաճախ է խնդիրներ ստեղծում վրաց-ադրբեջանական սահմանին՝ Դավիթ Գարեջիի վանական համալիրի հատվածում եւ բռնագրավված է պահում վանական համալիրը ու նենգափոխում պատմությունը, ինչպես եւ Արցախի բռնագրավված շրջաններում հայկական եկեղեցիների ու մշակութային կոթողների հանդեպ։ Եւ երրորդը, ռուս-ուկրաինական պատերազմն է, որը ստեղծում է լրացուցիչ ռիսկեր մեր տարածաշրջանում, ինչպես Թուրքիայից ու Ադրբեջանից, այնպես էլ Ռուսաստանից։ Այս հարցերի շուրջ եւս հիմա ինտենսիվ քննարկումներ են ընթանում ՀՀ-ի ու Վրաստանի միջև, որպեսզի համատեղ ջանքերով հնարավորինս նվազեցվեն ռիսկերը տարածաշրջանում:
-Մասնավորապես ո՞ր դրվագները կառանձնացնեիք պաշտոնական այցերից և ինչո՞ւ:
-Պետք է կրկին նշեմ, որ 2018-ից հետո բավականին ակտիվացել են պաշտոնական ու ոչ պաշտոնական փոխայցերը եւ դա կապված է նաեւ անձնական նախաձեռնողականությունից։ Ինչպես արդեն նշեցի, այստեղ Վրաստանում, Վրաստանի իշխանությունները լավ ընկերական կապ են ձեւավորել ՀՀ-ի իշխանությունների հետ, ինչը գալիս է անկեղծ հարաբերություններ ձեւավորելու ցանկությունից, որը նախկինում չէր եղել։ Գիտեք, շատ բան կապված է անհատներից եւ քաղաքականության մեջ եւ ինչպես սովորական կյանքում անձնական ջերմ ու անկեղծ հարաբերություններ մեծ նշանակություն ունեն փոխհարաբերությունների զարգացման համար։
-Որպես Վրաստանի հայազգի քաղաքացի, ո՞ր ուղղությամբ կցանկանայիք, որ ՀՀ իշխանությունները աշխատանք տանեին իրենց վրացի գործընկերների հետ:
-Որպես Վրաստանի քաղաքացի, ով բնակվում է Ջավախքում կցանկանայի, որ ՀՀ իշխանությունները իրենց վրացի գործընկերների հետ հանդիպելիս, մշտապես իրենց ուշադրության կենտրոնում պահեն ջավախահայության խնդիրները, որոնք ցավոք սրտի դեռ շատ -շատ են։ Այստեղ կան կրթական, կրոնական, իրավական, տնտեսական եւ բազմաթիվ այլ տեսակի կարեւոր խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն։ Դրանից բացի մշտապես նշել եմ, որ մենք ` Վրաստանում ապրող հայերս, ցանկանում ենք, որ հայ-վրացական հարաբերությունները դարավոր բարեկամական եղբայրական հարաբերություններից վերջապես թեւակոխեն ռազմավարական գործընկերության փուլ։ Դա կարեւոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար։ Չնայած նրան, որ Թուրքիան ու Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերներն են, սակայն պետական կառուցվածքով եւ քաղաքակրթական ու ժողովրդավարական արժեքներով Վրաստանին ավելի մոտ է Հայաստանը ու դա վերջիվերջո իր արտահայտումը կգտնի եւ Հայաստանի ու Վրաստանի փոխհարաբերությունները կդառնան ռազմավարական, ինչի շնորհիվ շատ բան կարող է փոխվել տարածաշրջանում:
-Շատերն են ասում, որ թուրք-ադրբեջանական տանդեմը գրավել է Վրաստանի բիզնես ոլորտը ու Հայաստանի հետ հաճախակի դարձած հանդիպումներով ու խորացող գործակցությամբ Վրաստանը փորձում է կոալիցիա ստեղծել՝ թուրք-ադրբեջանական տանդեմի «լծից» ազատվելու համար: Իրատեսական համարո՞ւմ եք նման կարծիքները:
-Վրաստանի նախկին իշխանությունները խորացնելով իրենց հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ՝ հաշվի չառան կամ նույնիսկ անտեսեցին առկա ռիսկերը եւ երկիրը հայտնվեց թուրք-ադրբեջանական ազդեցության տակ։ Ցավոք, դա իներցիայով շարունակվեց նաեւ «Վրացական երազանքի» իշխանության օրոք, բայց ի տարբերություն նախորդների՝ այս իշխանությունները փորձում են բալանսավորել հարաբերությունները ու դա է պատճառը, որ հիմա Վրաստանը փորձում է խուսափել նոր լարվածությունից Ռուսաստանի հետ եւ փորձում են խորացնել հարաբերությունները ՀՀ-ի հետ, ինչը Սահակաշվիլին միշտ հակառակն էր անում ու ստիպված ընկնում թուրք-ադրբեջանական տանդեմի գիրկը: Դա եւս կարեւոր պատճառներից մեկն է ՀՀ-ի հետ հարաբերություների խորացման համար:
Հայկա Ալոյան