ԵԱՀԿ ՄԽ, սահմանազատում, Փառուխ, երկկողմ հարաբերություններ․ Լավրով-Միրզոյան հանդիպման մանրամասները 08.04.2022 . Միջազգային

ԵԱՀԿ ՄԽ, սահմանազատում, Փառուխ, երկկողմ հարաբերություններ․ Լավրով-Միրզոյան հանդիպման մանրամասները
		08.04.2022 . Միջազգային


ՌԴ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՈՐՊԵՍ ՀՀ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԴԱՇՆԱԿԻՑ

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանդիպեցին ռուսական արտաքին գերատեսչության ընդունելությունների տանը: Նախ` երկկողմ, ապա ընդլայնված կազմով հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակը, Հարավային Կովկասում խաղաղությանը և կայունությանն առնչվող հարցեր: ՌԴ ԱԳ նախարարն, անդրադառնալով հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը, նշեց, որ այժմ նախապատրաստվում է առաջարկների հերթական փաթեթ, որի նպատակն է էականորեն մեծացնել ռուսական ներդրումների ծավալը Հայաստանի տնտեսության մեջ։

Սերգեյ Լավրով (ՌԴ ԱԳ նախարար) — Մենք շարունակում ենք հանդես գալ որպես Հայաստանի առանցքային դաշնակից։ Ռուսաստանը կշարունակի աջակցել Երևանին պաշտպանունակության ամրապնդման և սահմանների պաշտպանության հարցում և, իհարկե, որպես հիմնական առևտրատնտեսական գործընկեր, օտարերկրյա ներդրող։ Շարունակում ենք մշակել նոր ծրագրեր, որոնք թույլ կտան ապահովել մեր միջև առևտրի կայունությունը, ստեղծել նոր աշխատատեղեր։

ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ՝ ՄԻՐԶՈՅԱՆ-ԼԱՎՐՈՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով 2020 թվականի նոյեմբերին և 2021 թվականի հունվարին ու նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Լավրովն ընդգծեց, որ ռուսական կողմը կշարունակի ապահովել դրանց իրականացումը, այդ թվում՝ ռուս խաղաղապահ զորակազմի գործունեությունը Ղարաբաղում։

Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) — Ակնկալում եմ, որ իմ այցը լրացուցիչ խթան կհաղորդի հայ-ռուսական հագեցած օրակարգին, որն ուղղված է դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացմանը բոլոր ուղղություններով: Վստահ ենք, որ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովող ռուս խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեությունը կնպաստի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, սադրանքների կանխարգելմանը, բնականոն կյանքի վերականգնմանը և մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանը:

ԼԱՎՐՈՎԸ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

Հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանելուց առաջ նախարարները հանդես եկան հայտարարություններով:

Արարատ Միրզոյան — Հայաստանը հավատարիմ է բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը։ Չափազանց կարևոր են հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձի, Ադրբեջանի վերահսկողության տակ անցախ տարածքներում պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը։ Միայն խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել այնպիսի լուծման, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկաս։

Ռուսաստանի արտգործնախարարն ընդհանուր առմամբ դրական գնահատեց հայ գործընկերոջ հետ ունեցած քննարկումը՝ շեշտելով, որ քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Սերգեյ Լավրով — Մանրամասն քննարկել ենք Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, ընդգծել Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների անվերապահ իրականացման և խաղաղապահ զորակազմի գործունեությանը կարևորությունը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի ստեղծման հարցը։ Հարկավոր է աշխատել նաև մարդասիրական հարցերի լուծման, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումները վերսկսելու ուղղությամբ։ Մենք ողջունում ենք նաև Երևան-Անկարա կապի հաստատմանն ուղղված քայլերին։

ՀՀ ԵՎ ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՓԱՌՈՒԽՈՒՄ

Չնայած ՌԴ ՊՆ հայտարարությանը և միջազգային այլ կոչերին՝ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժած ադրբեջանական ուժերը շարունակում են մնալ Փառուխ գյուղի շրջակայքում: «Լուրեր»-ի թղթակցի այն հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում ռուսական կողմը ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ` ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ Փառուխում տեղի ունեցած զարգացումները քննարկվել են նաև հանդիպման ժամանակ:

Սերգեյ Լավրով — Մեզ համար ոչ բոլոր հանգամանքներն են ամբողջությամբ պարզ: Չէի ցանկանա առաջ անցնել և վերջնական դատողություններ անել: Համոզված ենք, որ մեր հայ բարեկամները լիովին վստահում են խաղաղապահ զորախմբին, որը մեծ դերակատարում ունի տարածաշրջանում կայունության պահպանման գործում: Այո՛, ոչ մեծ միջադեպեր լինում են, և այդ կոնկրետ միջադեպով զբաղվում են մեր զինվորականները։ Կան բաներ, որոնք պահանջում են հստակեցում:

Արտգործնախարար Միրզոյանն ընդգծեց, որ հայկական կողմը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ զորախմբին կհաջողվի վերականգնել ստատուս քվոն մարտի 23-ի դրությամբ։

Արարատ Միրզոյան — Խաղաղապահ զորախումբը տեղակայվել է նոյեմբերի 9-ի ստատուս քվոն ապահովելու նպատակով։ Մենք շարունակում ենք հավատալ, որ ստատուս քվոն կվերականգնվի, և ռուսական խաղաղապահ զորախումբը կշարունակի կատարել իր կարևորագույն առաքելությունը՝ ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը:

ՄԵՆՔ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԵՆՔ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ. ԼԱՎՐՈՎ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում չգիտի, թե ինչպիսին կլինի Ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ճակատագիրը: Նման անորոշության պատճառը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումներն են, պարզաբանեց նախարարը:

Սերգեյ Լավրով — Մեր, այսպես կոչված, ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները, ռուսաֆոբ մոլագարության մեջ ձգտելով չեղարկել ՌԴ հետ կապված ամեն բան, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը՝ հայտարարելով, որ չեն շփվի մեզ հետ այդ ձևաչափում: Դա իրենց իրավունքն է: Մենք հավատարիմ ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և բոլոր այն պայմանավորվածությունների կատարմանը, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև:

ԼՂ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ՝ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին՝ Միրզոյանը նկատեց, որ թեև աշխարհաքաղաքական ներկա իրավիճակը զգալիորեն բարդացրել է համանախագահության աշխատանքը, սակայն միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում է հենց այդ ձևաչափի շրջանակում:

Արարատ Միրզոյան — Չնայած Ադրբեջանը հայտարարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը դադարեցրել է իր գոյությունը, որ համանախագահներն այլևս անելիք չունեն, քանի որ հակամարտություն այլևս չկա, ես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից և տարբեր երկրների ղեկավարներից ազդակներ և հաղորդագրություններ եմ ստանում, որ միջազգային հանրությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնել հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Դա շատ հուսադրող է:

ԱՆԴՐԱԴԱՐՁ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՐՑՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ

Անդրադառնալով մինչև ապրիլի վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով համատեղ հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությանը՝ Լավրովն ընդգծել է, որ այդ գործընթացի հիմքում ընկած են եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ավելի վաղ եղած քննարկումները:

Սերգեյ Լավրով — Մենք լիովին հանձնառու ենք օգնելու Հայաստանին և Ադրբեջանին բնականոն կյանք հաստատելու հարցում: Դրա մաս է կազմում նաև սահմանազատումը: Այսօր միասին հաստատեցինք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ պայմանավորվածությունը ուժի մեջ է, ըստ որի` սահմանազատման հարցով հանձնաժողովը լինելու է երկկողմ՝ ռուսական կողմի խորհրդատվական մասնակցությամբ:

Լավրովի խոսքով` դա պայմանավորված է ոչ միայն այն քարտեզներով, որը ռուսական կողմը կարող է տրամադրել գործընթացի համար, այլ նաև այն հանգամանքով, որ տվյալ ձևաչափով նման հարցերը կարող են կարգավորվել ավելի արդյունավետ:

Հանդիպման շրջանակներում Միրզոյանն ու Լավրովը ստորագրեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 2022-23 թվականների խորհրդակցությունների ծրագիրը: