ՀԱՊԿ-ի ֆինանսավորումը պարտադիր է մասնակից բոլոր երկրների համար. Զախարովա

ՀԱՊԿ անդամ երկրները, որոնք չեն կատարում կազմակերպության ֆինանսավորման պարտավորությունները, կարող են զրկվել ձայնի իրավունքից։ Նման միջոցառումների հիմք կարող է լինել երկու տարվա ընթացքում չմարված պարտքը, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենաբաթյա ճեպազրույցում:

«ՀԱՊԿ-ի ֆինանսավորումը պարտադիր է մասնակից բոլոր երկրների համար, իսկ կազմակերպության բյուջեն ձևավորվում է բաշխված ներդրումների հաշվին: Ռուսաստանը ծածկում է ՀԱՊԿ-ի բյուջեի կեսը, մյուս մասնակիցները՝ 10-ական տոկոսը։ Վճարման մերժման կամ ուշացման ցանկացած ձև նախատեսված չէ, ընթացիկ տարվա համար չփոխանցված գումարները պարտք են համարվում»,- ասել է Զաախարովան և նշել.

«Երկու տարվա պարտքի դեպքում պետությունը կարող է ՀԱՊԿ-ում զրկվել ձայնի իրավունքից։ Նման մոտեցումը նման է, օրինակ՝ ՄԱԿ-ում գործող պրակտիկային։ Հայաստանը ժամանակին համաձայնել է սրա հետ, և ես չեմ լսել, որ դեմ են դրան։ Կվճարեն, թե ոչ՝ Երևանի խնդիրն է»։