Իսրայելն ու Թուրքիան քննարկում են դեպի իսրայելական Լևիաթան հանքավայր գազատարի կառուցումը՝ որպես այլընտրանք Եվրոպայի հարավ ռուսական գազի մատակարարումներին: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով այդ երկրների ներկայացուցիչներին։
Նշվում է, որ երթուղու վերաբերյալ որոշումներն ու մասնակիցների շրջանակը հայտնի կդառնան առաջիկա ամիսներին:
Գործակալության աղբյուրը նշել է, որ չնայած քննարկումներն ընթանում են, որևէ գործարքի հասնելու համար մեծ ջանքեր կպահանջվեն:
Նախատեսվում է Թուրքիայից ստորջրյա խողովակաշար կառուցել դեպի Իսրայելի բնական գազի խոշորագույն ծովային հանքավայր՝ Լևիաթան։ Այնտեղից Թուրքիայի տարածքով պետք է իրականացվի գազի մատակարարումը Եվրոպայի հարավի երկրներ, որոնք ցանկանում են դիվերսիֆիկացնել Ռուսաստանից ներկրումը։