Եվրոպացի քաղաքական գործիչների արձագանքը Թրամփ-Պուտին հնարավոր բանակցություններին

Եվրոպացի քաղաքական գործիչների արձագանքը Թրամփ-Պուտին հնարավոր բանակցություններին


Շատ եվրոպացի քաղաքական գործիչներ արդեն չորեքշաբթի երեկոյան արձագանքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին Պուտինի հետ իր մոտալուտ հանդիպման մասին և Թրամփի ու ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հայտարարությանը, թե անիրատեսական է վերադարձնել Ուկրաինային կորցրած հողերը, հաղորդում է BBC-ն։

Գրեթե բոլորն այն դիրքորոշմանն են, որ խաղաղ բանակցություններն անհնար են առանց Ուկրաինայի ու Եվրոպայի, և բանավոր զիջումները նույնիսկ բանակցությունների մեկնարկից առաջ նշանակում են դավաճանություն թե՛ Ուկրաինայի, թե՛ Արևմուտքի շահերին։

Մինչ Թրամփը Վաշինգտոնում խոսում էր Պուտինի հետ իր զրույցի մասին, եվրոպական առաջատար երկրների արտգործնախարարները Փարիզում կայացած հանդիպմանը քննարկում էին պատերազմը, գրում է լրատվական գործակալությունը։ Եզրափակիչ հայտարարության մեջ նրանք հավաստիացրել են, որ իրենց երկրները պատրաստ են մեծացնել Ուկրաինային օգնությունը և աջակցել նրա տարածքային ամբողջականությանը։

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ իրենց տեսանկյունից Եվրոպան անպայման պետք է մասնակցի խաղաղ բանակցություններին, և որ իրենք մտադիր են դա քննարկել ամերիկացի դաշնակիցների հետ։ Նրանք վստահեցրել են, որ խաղաղության կարելի է հասնել միայն համատեղ ջանքերով, այսինքն՝ Ուկրաինայի և եվրոպացիների հետ։ 

ԱՄՆ նախագահին և պաշտպանության նախարարին՝ Ուկրաինայի շահերին դավաճանելու համար, մեղադրել է Թրամփի քաղաքական հակառակորդ, դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆը: Իսկ նախագահի կուսակից, հանրապետական ​​կոնգրեսական Ջո Ուիլսոնը չնայած սատարել է Թրամփին, բայց և նշել է, որ ԱՄՆ-ը պետք է ուժեղացնի ինչպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այնպես էլ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։