Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկրի ռազմարդյունաբերական համալիրը պատրաստ է նպաստել ԵՄ պաշտպանական արդյունաբերության և եվրոպական անվտանգության ամրապնդմանը:
«Մենք կարծում ենք, որ մեր ընդհանուր շահերից են բխում Թուրքիայի հետ միասին եվրոպական անվտանգության ապահովման բոլոր քայլերը, և այս բոլոր ջանքերում, անկասկած, կարևոր է առավելագույնս պահպանել անդրատլանտյան կապերը և ստանալ մեր դաշնակից Ամերիկայի ուժեղ աջակցությունը»,- ասել է նա։
Թուրքիայի նախագահը հավելել է, որ Միության շրջանակում եվրոպական պաշտպանական արդյունաբերության ծրագրերը պետք է բաց լինեն բոլոր եվրոպացի դաշնակիցների համար, քանի որ Եվրոպայի անվտանգությունը միայն Միության երկրների գործը չէ, և նրանք նույնպես պետք է մասնակցեն Ուկրաինայի վերականգնմանն ուղղված ԵՄ ծրագրերին։
Էրդողանը կարևորել է Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները Եվրոպայի տնտեսական անվտանգության ու պաշտպանության համար՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ Անկարան հավատարիմ է ԵՄ լիիրավ անդամակցության իր նպատակին: «Ակնկալում ենք, որ ԵՄ-ն ռազմավարական ու հեռատես դիրքորոշում կորդեգրի, և անդամակցության շուրջ մեր բանակցությունները հնարավորինս շուտ կվերսկսվեն»,- հայտարարել է նա։