Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից կառաջադրվի որպես նախագահի թեկնածու: Այդ մասին հայտնել է կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը:
Ավելի վաղ Անկարայի գործող քաղաքապետ Մանսուր Յավաշը հայտարարել էր, որ նախագահի ընտրության ժամանակ կրկին կմիավորվի Իմամօղլուի և Օզելի հետ՝ կառավարությունը փոխելու համար:
Ժողովրդահանրապետական կուսակցության 116 պատգամավոր արդեն ստորագրել է Իմամօղլուի առաջադրման համար՝ ապահովելով նրա թեկնածությունը նախնական ընտրությունում:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Հյուսեյն Յայմանն ավելի վաղ հայտարարել է, որ կուսակցությունում դիտարկում են 2027 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահի արտահերթ ընտրությանը առաջադրել նախագահ Ռեջեփ Էրդողանի թեկնածությունը:
Փետրվարի վերջին իշխող կուսակցության անդամները քննարկել են 2027 թվականի աշնանը նախագահի և խորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը։
Լրատվամիջոցները գրում են, որ ընտրությունն արտահերթ անցկացնելու նպատակը Էրդողանի առաջադրումն է, քանի որ Թուրքիայի Սահմանադրության համաձայն՝ 2028 թվականի հերթական ընտրությանը պետության գործող ղեկավարն այլևս չի կարողանա առաջադրվել: