Իրանը հարյուրապատիկ ավելի շատ միջուկային օբյեկտներ կկառուցի, եթե ԱՄՆ-ը և Իսրայելը համարձակվեն հարձակվել այդ կենտրոնների վրա։ Այս մասին Բուշերի նահանգ կատարած այցի ժամանակ հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«ԱՄՆ-ն ու Իսրայելը սպառնում են հարձակվել մեր միջուկային կենտրոնների վրա։ Նրանք կարող են հարվածել շենքերին, բայց չեն կարող հարվածել դրանք կառուցող «ուղեղներին»։ Թող հարյուր կենտրոն խփեն, դրանց նման հազարավորները նորից կկառուցվեն»,- Իրանի նախագահի խոսքերը ներկայացրել է SNN հեռուստաալիքը։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ, ըստ ԱՄՆ հետախուզական գործակալությունների, Իսրայելը դիտարկում է 2025 թվականին Իրանի միջուկային օբյեկտների վրա լայնածավալ հարձակումների հնարավորությունը՝ ձգտելով օգտվել Թեհրանի թուլացումից։
The Washington Post-ն էլ՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության տվյալներին ծանոթ աղբյուրներին, գրում է, որ Իսրայելի հնարավոր հարվածներն իրանական օբյեկտներին միայն կհանգեցնեն իրանական միջուկային ծրագրի զարգացման տեմպերի կարճաժամկետ դանդաղեցմանը:
«Ներկա և նախկին պաշտոնյաները հայտարարում են, որ իրանական միջուկային օբյեկտների վրա իսրայելական հարձակումները լավագույն դեպքում կխանգարեն դրանց աշխատանքին մի քանի ամիս, հնարավոր է նաև՝ մի քանի շաբաթ»,- տեղեկացնում է պարբերականը: Զրուցակիցները կարծում են, որ նման գործողությունը միայն կխրախուսի Իրանին՝ ուրանը հարստացնել միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ մակարդակի: