Հայաստանը չի ծանուցել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Պանկին

Հայաստանը չի ծանուցել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Պանկին


Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ անդամավճարների գծով պարտքեր ունենալ և երկու տարի չվճարել: Հայաստանն ունի 2024 թվականի պարտքը, որը լրանում է 2025 թվականի վերջին։ Հայտարարությունն արվել է Վերոնայում կայացած Եվրասիական XVII տնտեսական համաժողովի ժամանակ։

«Սա արտառոց բան չէ։ ՀԱՊԿ ցանկացած անդամ կարող է պարտքեր կուտակել: Եղել են դեպքեր, երբ մյուս երկրները նույնպես պարտքեր են ունեցել»,- նշել է Պանկինը։

«Եթե Հայաստանը մինչև 2025 թ. վերջը չկատարի ՀԱՊԿ բյուջեի վճարումները, ապա կազմակերպության անդամ երկրները կարող են տարբեր սցենարներ դիտարկել, բայց հավանաբար ոչ մեկին դուրս չեն մղի»,- հավելել է ՌԴ ԱԳ փոխարտգործնախարարը: Պանկինի խոսքով՝ Հայաստանը չի ծանուցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից  դուրս գալու մասին, և Երևանը չի էլ պատրաստվում լքել կառույցը, այլ պարզապես սառեցրել է իր գործունեությունը։ ՌԴ փոխարտգործնախարարը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստան-ՀԱՊԿ իրավիճակը կկարգավորվի, և այդ առումով Երևանի և Մոսկվայի միջև ընթանում է երկխոսություն։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին՝ նշելով, որ  ՀԱՊԿ-ն չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ: