Թուրքիան ակտիվացրել է ջանքերը Հարավային Կովկասում բարգավաճման և կայունության հասնելու համար՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը Անկարայում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը։ Թուրքիայի նախագահը նշել է՝ առաջ են մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:
«Անհամբեր սպասում ենք համաձայնության, որը թույլ կտա կայուն խաղաղություն հաստատել Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- հավելել է Էրդողանը։
Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան՝ որպես Եվրոպայի անբաժանելի մաս, Եվրամիությանն անդամակցությունը համարում է ռազմավարական առաջնահերթություն:
«Եվրոպական անվտանգությունն առանց Թուրքիայի անհնար է պատկերացնել: Ակնկալում ենք, որ մեր եվրոպացի ընկերները կգիտակցեն այդ ճշմարտությունը»,- ընդգծել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը, հայտարարել՝ Անկարան աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և համոզված է, որ կարգավորումն անհնար է առանց Մոսկվայի և Կիևի ներգրավման:
«Մենք էլ պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել, այդ թվում՝ հյուրընկալելով բանակցությունները»,- շեշտել է Էրդողանը։