Զելենսկին հաստատել է Սաուդյան Արաբիայում ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը

Զելենսկին հաստատել է Սաուդյան Արաբիայում ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում տեղի կունենան Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները։

Պետության ղեկավարը նշել է, որ երկուշաբթի՝ մարտի 10-ին, նա կհանդիպի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանի հետ:

«Դրանից հետո իմ թիմը կմնա Սաուդյան Արաբիայում, որպեսզի աշխատի ամերիկացի գործընկերների հետ»,- ընդգծել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ուկրաինան աշխատում է և կաշխատի բացառապես կառուցողական՝ արագ և հուսալի խաղաղության հասնելու համար։

Արևմտյան լրատվամիջոցները գրել են, որ ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաների հանդիպումը կկայանա մարտի 12-ին։

Ամերիկյան պատվիրակության կազմում կլինեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։

Ուկրաինական պատվիրակության կազմում են լինելու Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիյ Էրմակը և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

Ըստ Ուիթքոֆի՝ ԱՄՆ-ը նախատեսում է հանդիպմանը քննարկել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ համաձայնագրի շրջանակը։