Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզիանը դատապարտել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հայտարարությունը, ըստ որի Միացյալ Նահանգները «պատրաստ է» պատերազմել Չինաստանի հետ այն բանից հետո, երբ Պեկինը զգուշացրել է առևտրային լարվածության սրման հետևանքների մասին։
Չինաստանի առևտրի նախարար Վան Վենտաոն հայտարարել է, որ «հարկադրանքն ու սպառնալիքները չեն ազդի Չինաստանի վրա և չեն վախեցնի նրան: «Չինաստանը հաստատակամ է պաշտպանելու իր շահերը»,- ասել է նա՝ հավելելով, որ «առևտրային պատերազմում հաղթողներ չկան»։
Հունվարին Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երկու անգամ բարձրացրել է Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը: Ի պատասխան՝ Չինաստանն էլ մաքսատուրքեր և այլ սահմանափակումներ է սահմանել ամերիկյան ապրանքների ու ընկերությունների նկատմամբ։ Վան Վենտաոն ասել է, որ Չինաստանն ակնկալում է փոխադարձ հարգանք մյուս պետությունների հետ հարաբերություններում։
Չինաստանի առևտրի նախարարն էլ ընդգծել է, որ իր երկիրը բաց է առևտրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար։ «Կողմերը կարող են հանդիպել հարմար ժամանակ, մեր թիմերը կարող են շփվել որքան հնարավոր է շուտ»,- ասել է նա: