Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մարտի 2-ին Լոնդոնում կընդունի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն և մեկ տասնյակից ավելի եվրոպական երկրների ղեկավարների՝ հայտնել է Bloomberg-ը: Քննարկվելու է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը Ռուսաստանի հետ հրադադարի հասնելու դեպքում:
Նշվում է, որ հյուրերի թվում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն: Ըստ աղբյուրի՝ Սթարմերն ու Մակրոնը եվրոպական երկրների ղեկավարների հետ նախատեսում են քննարկել Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի հետ իրենց հանդիպումների արդյունքները։
Գործակալության տվյալով՝ հանդիպմանը ներկա կլինեն նաև Գերմանիայի, Իտալիայի, Նիդերլանդների և Թուրքիայի ներկայացուցիչները: Սթարմերը առանձին երկկողմ բանակցություններ կանցկացնի Վոլոդիմիր Զելենսկու և Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ։