Ռուսաստանը կապի մեջ է Ադրբեջանի հետ՝ այդ երկրում России сегодня միջազգային մեդիախմբի մաս կազմող Sputnik գործակալության ներկայացուցչությունը փակելու հարցով: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ադրբեջանցի գործընկերներին տեղեկացրել ենք մեր դիրքորոշումը մեզ համար կարևոր այս հարցի վերաբերյալ։ Կարծում եմ՝ այն պակաս կարևոր չէ նաև Բաքվի համար։ Սպասում ենք կառուցողական արձագանքի»,- հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի հետ համատեղ ջանքերով կողմերը կգան փոխադարձ ընդունելի լուծման։
«Հիմք ենք ընդունում այն, որ մեր գործընկերներն իրենց հետագա քայլերում կառաջնորդվեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների դաշնակցային բնույթով և զերծ կմնան մեր երկրների ու ժողովուրդների միջև երկկողմ և բազմակողմ հարաբերություններին վնաս պատճառելուց»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։