ԱՄՆ Սենատը պաշտպանել է Թուլսի Գաբարդի թեկնածությունը Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում՝ հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Նրա թեկնածության օգտին հանդես է եկել 52 սենատոր, դեմ՝ 48-ը։ Նախագահ Դոնալդ Թրամփն արդեն ստորագրել է նրան այդ պաշտոնում նշանակելու հրամանագիրը:
Լսումների ժամանակ նա հայտարարել է, որ եթե հաստատվի, ապա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կտրամադրի անհրաժեշտ հետախուզական աջակցություն՝ Ուկրաինայում ռազմական հակամարտությունը դադարեցնելու համար։
43-ամյա Գաբարդը որպես օրենսդիր այցելել է Հայաստան և ԼՂ, ինչի պատճառով հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»: Գործիչն ավանդաբար հանդես է եկել՝ որպես հայկական հարցերի եռանդուն պաշտպան: 2019 թ. համահեղինակել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:
Թուլսի Գաբարդը ծառայել է ԱՄՆ Ազգային գվարդիայում և Իրաքի պատերազմի վետերան է, նրան շնորհվել է փոխգնդապետի կոչում։ 2020 թվականին նա մասնակցել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահական փրայմերիզներին։ Ընտրապայքարից դուրս գալուց հետո պաշտպանել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին։ 2022 թվականին Գաբարդը հեռացել է Դեմոկրատական կուսակցությունից՝ կուսակիցներին անվանելով «պատերազմ հրահրողներ»։ 2024 թվականի նախագահի ընտրության ժամանակ նա ակտիվորեն աջակցել է Թրամփին և օգնել նրան պատրաստվել Դեմոկրատական կուսակցության թեկնածու փոխնախագահ Քամալա Հարիսի հետ բանավեճերին։
Ազգային հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնում նրա առաջադրումը լայն քննադատության է արժանացել Միացյալ Նահանգներում, քանի որ Գաբարդը վերջին տարիներին մի շարք առիթներով հանդես է եկել ի պաշտպանություն Ռուսաստանի: