Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին


Վերահաստատում եմ խաղաղությանը Ուկրաինայի հավատարմությունը, մեզնից ոչ ոք անվերջ պատերազմ չի ցանկանում՝ X-ի էջում գրել է Վոլոդիմիր Զելենսկին:
 
«Ուկրաինան պատրաստ է հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո՝ հասնելու կայուն խաղաղության»,- նշել է Ուկրաինայի նախագահը:
 
Նրա խոսքով՝ պատերազմի դադարեցման առաջին փուլը կարող է լինել գերիների ազատ արձակումը, երկնքում և ծովում զինադադարը:
 
«Այնուհետև մենք ցանկանում ենք շատ արագ անցնել հաջորդ փուլերին և աշխատել ԱՄՆ-ի հետ՝ համաձայնեցնելու վերջնական գործարքը»,- հավելել է Զելենսկին:
 
Նախագահը շեշտել է՝ իսկապես գնահատում են այն ամենը, ինչ արել է Ամերիկան՝ օգնելու Ուկրաինային՝ պահպանել իր ինքնիշխանությունն ու անկախությունը։
 
«Հիշում ենք այն պահը, երբ նախագահ Թրամփը Ուկրաինային Javelin համակարգեր տրամադրեց, և ամեն ինչ փոխվեց: Շնորհակալ ենք դրա համար»,- ասել է Զելենսկին:
 
Անդրադառնալով Սպիտակ տանը տեղի ունեցած վիճաբանությանը՝ Ուկրաինայի նախագահն ընդգծել է՝ «հանդիպումը չանցավ այնպես, ինչպես պետք էր։ Ցավալի է, որ այդպես եղավ: Ժամանակն է ամեն ինչ ուղղել»:
 
Նա հավելել է՝ ինչ վերաբերում է հանածոների և անվտանգության մասին պայմանագրին, Կիևը պատրաստ է ստորագրել այն ցանկացած պահի և ցանկացած հարմար ձևաչափով։